Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանն իրեն աշխատանքից ազատելու մասին տեղեկացել է երեկ` հունվարի 9-ի երեկոյան, ժամը 22.30-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Նորայր Մուրադխանյանը: Վերջինս պատասխանեց եւս մի քանի հարցի, որը ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Մուրադխանյան ինչո՞ւ կամ ինչի համար պաշտոնանկ արվեցիք:
Ես հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, այլ ինձ ազատել են զբաղեցրած պաշտոնից, հետեւաբար չեմ կարող ասել: Ղեկավարությունը, միգուցե գտել է, որ ուրիշն ավելի լավ կկատարի այդ պարտականությունները:
Դուք համարվում եք Ալիկ Սարգսյանի կադրը եւ նրա հետ լավ հարաբերությունների մեջ եք, հնարավո՞ր է, որ դա է պատճառ հանդիսացել:
Ես իմ ծառայությունն եմ իրականացրել եւ բոլոր ծառայության ղեկավարների հետ էլ մոտ եմ եղել: Չեմ ցանկանում անձնավորել այս որոշումը: Կա ղեկավարություն, որն իրականացնում է իր ծառայությունը: Ես ոչ մի կապ ինքս չեմ տեսնում եւ եկեք գնահատական չտամ:
Մինչեւ հրաժարականը Դուք զրուցե՞լ եք Վլադիմիր Գասպարյանի հետ, նա ակնարկներ արե՞լ է Ձեր ազատման մասին:
Ոչ: Ես այդ մասին տեղեկացել եմ երեկ երեկոյան ժամը 22.30-ին:
Այսինքն` ձեզ համար անակնկա՞լ էր այս որոշումը:
Այո:
Իսկ Վլադիմիր Գասպարյանի հետ առհասարակ խնդիրներ ունեցե՞լ եք:
Ոչ:
Իսկ Վլադիմիր Գասպարյանի կողմից իրականացվող կադրային փոփոխությունները, ոչ միայն Ձեր անձին վերաբերող, այլ ընդհանրապես, ինչո՞վ եք պայմանավորում:
Եկեք ես չպայմանավորեմ: Ինքը գիտի ինչով է պայմանավորված:
Իսկ նրա կողմից իրականցվող կադրային փոփոխությունները կարո՞ղ են բերել համակարգային փոփոխության:
Չեմ կարող ասել: Ես ինչպե՞ս կարող եմ պատասխանել այդ հարցին:
Առաջիկայում ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել:
Չեմ կարող ասել: Ես դեռ պետք է տեղեկանամ, թե հրամանս ինչ ընթացք է ստանում, որից հետո ձեզ կտեղեկացնեմ:
Իսկ Ձեզ իրավական համակարգում, այլ պաշտոններ չե՞ն խոստացել, առաջարկել:
Դեռ հրամանը չեմ ստացել: Երեւի` ոչ:
Բնականաբար պարապ չեք մնալու: Անձամբ ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի հետ կապված:
Ես 17 տարի արձակուրդ չեմ ունեցել: Դեռ մի քիչ կհանգստանամ հետո կտեսնենք:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել եւ կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանին:
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել եւ կադրերի ռեզերվ է ուղարկել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Նորայր Մուրադխանյանին:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանության մեկ այլ հրամանով այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանական ակադեմիայի պետի տեղակալ գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Քոչարյանն ավելի վաղ զբաղեցնում էր ոստիկանության իրավաբանական վարչության պետի պաշտոնը, սակայն ընդամենը մի քանի ամիս առաջ էր նշանակվել ակադեմիայի պետի տեղակալ:
Զրուցեց` Տաթեւ Մեսրոպյանը




























