ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հերթական անգամ բարձրաձայնել է հնարավոր միջուկային պատերազմի սպառնալիքի մասին։ Նա այսպես է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե իր գործընկեր Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների հասնել Միացյալ Նահանգների կողմից։

«Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», եւ «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ։ Միայն մի ՇԱՏ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդեւը X-ի իր օգտահաշվում։

Նախօրեին Թրամփը Truth Social-ում, արձագանքելով ռուսական բանակի կողմից Ուկրաինայի նոր գնդակոծմանը, հայտնել էր, որ եթե ինքը չլիներ, «այժմ Ռուսաստանի հետ իսկապես շատ վատ բաներ կպատահեին»։ Մինչ այդ՝ մայիսի 26-ին, Սպիտակ տան ղեկավարը գրել էր, որ Պուտինի հետ «ինչ-որ բան է պատահել», եւ որ նա «խելագարվել է», քանի որ շարունակել է «անտեղի» գնդակոծել Ուկրաինայի խաղաղ բնակչությանը։

Նոր համաշխարհային պատերազմ սանձազերծելու մասին Մեդվեդեւի ակնարկները «անհաջող եւ անխոհեմ» են եւ չեն համապատասխանում համաշխարհային տերության կարգավիճակին, ասել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիտ Քելոգը՝ ի պատասխան ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի գրառման։

«Նախագահ Թրամփն աշխատում է այս պատերազմը եւ սպանությունները դադարեցնելու ուղղությամբ: Մենք սպասում ենք ռուսական հուշագրի նախագիծը ստանալուն [Ուկրաինայի հետ խաղաղության մասին], որը դուք խոստացել եք մեկ շաբաթ առաջ: «Դադարեցրեք կրակը հիմա»,- ​​գրել է նա X-ում:

Անցած երեքշաբթի՝ մայիսի 20-ին, Մեդվեդեւը հայտնել էր, որ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան երկրների գործողությունները կարող են հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի։ Նրա խոսքով՝ Մոսկվայի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերը փորձում են երկիրը «մեկուսացնել» միջազգային ասպարեզում։

«Հուսալի խաղաղությունը պահանջում է ներգրավված բոլոր պետությունների համաձայնությունը: «Պետությունները տարբեր տեսակների բաժանելու, աշխարհաքաղաքական մրցակիցներին մեկուսացնելու կամ դիվականացնելու, եւ մենք դա տեսնում ենք մեր երկրի առնչությամբ, ատելության կարգախոսների ներքո երկխոսությունը խաթարելու փորձեր. սա ուղիղ ճանապարհ է դեպի նոր համաշխարհային պատերազմ»,- ասել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում: Մեդվեդեւը նաեւ սպառնացել է Ուկրաինայի դաշնակիցներին՝ ասելով, որ «ցանկացողների կոալիցիայի» հնարավոր խաղաղապահ ուժերը «օրինական ռազմական թիրախ» կլինեն ռուսական զորքերի համար: