Բնական աղետներից իրական վնասը, հաշվի առնելով անուղղակի բացասական հետևանքները, այդ թվում՝ առողջապահության, կրթության և մատակարարման շղթաների վրա, տարեկան միջինում կազմում է մոտ 2.3 տրիլիոն դոլար ամբողջ աշխարհում, ինչը մոտ 10 անգամ ավելի բարձր է, քան ուղղակի տնտեսական կորուստները: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի զեկույցում:

«Բնական աղետների հետ կապված ռիսկը գնալով ավելի ու ավելի է դառնում համակարգային սպառնալիք ֆինանսական կայունության համար համաշխարհային մասշտաբով», - ասվում է զեկույցում: Ջրհեղեղների, փոթորիկների և երաշտների նման բնական աղետներից առաջացած ուղղակի տնտեսական կորուստները 1970-2000 թվականներին միջինում կազմել են 70-80 միլիարդ դոլար, իսկ 2001-2020 թվականներին աճել են մինչև 180-200 միլիարդ դոլար: «Երբ հաշվի ենք առնում առողջապահության, կրթության, կենսապահովման, էկոհամակարգերի և մատակարարման շղթաների կորուստները, համաշխարհային արժեքը դառնում է ապշեցուցիչ՝ մոտենալով 2.3 տրիլիոն դոլարի», - ասել են փորձագետները: Նրանց խոսքով՝ տարեկան իրական վնասները «գրեթե 10 անգամ ավելի բարձր են, քան պաշտոնական տվյալներում նշված ուղղակի կորուստները»:

Սրանք «թերագնահատված կորուստներ են, որոնք մինչև վերջերս անտեսանելի են մնացել», - նշել են զեկույցի հեղինակները։

Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ երկրների պատրաստվածությունը բարելավելու ջանքերը արդյունք են տալիս։ Բնական աղետների պատճառով մահացածների և անհետ կորածների համաշխարհային թիվը 2005-2014 թվականների 100,000 մարդու հաշվով 1.61-ից նվազել է մինչև 0.79՝ 2014-2023 թվականներին։