Մայիսի 28–ը մեզ տվեց հայրենիք, այն պետությունը, որը այս սերունդը ունի և տվեց մեզ ընդհանրապես արևի տակ և աշխարհաքաղաքական քարտեզի վրա մեր տեղն ունենալու հնարավորություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

«Երբ մենք մոռանում ենք կամ չենք ընկալում, թե դա ինչպես տրվեց, մենք նորից դատապարտվում ենք նույն պրոբլեմը մեր առջև ունենալու, նույն մարտահրավերներն առաջացնելու և կորուստի, վտանգի առջև ենք կանգնում։ Հիմա ամենաճիշտ ժամանակն է, որ մեր ժողովուրդը սթափվի, իսկապես իր արմատներին վերադառնա, հասկանա, որ այն, ինչ ինքը ունի, դա այն մեծագույն սխրանքի արդյունքում է, որ իր նախկինները իրականացրել են, չեն վախեցել որևէ բանից, չեն դրել հաշվարկ արել, մենք ենք շատ, թե թշնամին է շատ, այլ հասկացել են, որ իրենց ինքնությունը պահելը կենսական նշանակություն ունի թե իրենց, թե սերունդների համար, և հաղթելով իրենց մեջ մահվան երկյուղը, նաև տարել են մեծագույն հաղթանակ։

Իրականում մենք պետք է շատ լավ հասկանանք, ինչպես նաև Գարեգին Նժդեհն է ասում, որ ժողովրդից է ամեն հաղթանակ, և ամեն անկարող ղեկավարությունից է պարտությունը։ Հիմա մենք պետք է իսկապես համախմբվենք և ես վստահ եմ, որ հաղթանակները չեն ուշանա»,–ասաց նա։

Անդրադառնալով Սարդարապատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է, Ռուստամյանն ասաց. «Էդ ինքն է գտել հայրենի՞քը։ Հայրենիքը ինքը ստացել է պայքարողների, Արամ Մանուկյանների շնորհիվ։ Հայրենիքը կորած էր, ինքն եկավ գտավ, հա՞։ Էդ հայրենիքը ստեղծվել է, ձևավորվել է մեր նախկինների թափած հերոսական պայքարի և արյան շնորհիվ։ Իրենք ոչ մի բան չեն գտել, իրենք եղածը կորցրել են։ Այն, ինչ որ ժառանգել էին, թող դա պահեին։ Այն, ինչը ժառանգել են, դրանից արդեն օր-օրի մենք կորցնելով գնում ենք, այ սա կանգնեցնելու խնդիր կա։

Հաղթանակով է ստեղծվում Հայաստանը, ոչ թե պարտությամբ։ Իրենք պարտությունով ուզում են իրենց, այսպես կոչված, իրական Հայաստանը ստեղծել։ Իրենց իրական Հայաստանի հիմքում ընկած է պարտվողականությունը։ Պարտության բան են ստեղծո՞ւմ, հաղթանակով է որևէ բան ձեռք բերվում։ իրենց հենց խոսքի մեջ ամեն ինչ թաքնված է, երբ որ իրենք պարտությունը գովաբանում են, երբ իրենք պարտությունը դարձրել են մեր առօրյա միջավայրը, այս վիճակով ազգը ո՞նց կարա ինչ-որ որևէ մի բան գտնի։

Իրենց համար երկու բառ ուղղակի սարսափ է առաջացնում՝ «հայկական» և հ«աղթանակ»։ Իրենք այս երկու բառից էլ փախչում են ինչպես օձը դաղձից»,– ասաց նա։