Մենք տեսել ենք, թե իրականում ինչպես են կարգավորվում հարաբերությունները Թուրքիայի հետ, դա արել են մեր նախնիները Սարդարապատով, ուրիշ ձև չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
«Ի դեպ, այդ ժամանակ էլ թուրքերի հետ եղբայրություն քարոզողները եղել են Երևանի փողոցներում, բայց լավ է, որ ժողովուրդը դրանց հետևից չի գնացել, այլ գնացել է նրանց հետևից, որոնք ասել են՝ մենք պետք է մեր ինքնությունը պահելու համար մեր կյանքի գնով էլ դա անենք։ Այդ հաղթանակի արդյունքը եղել է Հայաստանը։ Պետք է հաղթանակից ճխուսափել, այլ հաղթանակին պատրաստվել եւ հաղթանակով ժողովրդին տանել առաջ, ոչ թե պարտությանմթնոլորտը ստեղծել։ Մենք նախ պետք է ազատագրվենք այս պարտության մղձավանջից, զիջումներից»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք երբեք այսքան անկախ, ինքնիշխան չենք եղել, Ռուստամյանն ասաց. «Դե, Նիկոլ Փաշինյանին, որ լսես, ընդհանրապես հայ ժողովուրդը մինչև իրեն սխալ է ապրել, իր օրոք է, որ պայծառ ժամանակներ ենք ունենում, բայց տեսանք ինչ է կատարվել, չէ՞, իր օրոք։ Սա է Նիկոլ Փաշինյանի պատմական բալանսը, արդյունքը, և եթե մնա, ավելի մեծ կորուստներ ենք ունենալու։ Այսինքն յոթ տարվա ընթացքում հայ ժողովուրդը այնքան բան է կորցրել, ինչքան կորցրել է իր ամբողջ պատմության ընթացքում, եթե տեսնենք ինչ ունենք և ինչ ձեռք բերել»։











