ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել չխափանել Միացյալ Նահանգների գլխավորությամբ Իրանի հետ միջուկային բանակցությունները: Չորեքշաբթի նա լրագրողներին հայտարարել է, որ ինքը զգուշացրել է իր գործընկերոջը, որ նման քայլն «անհարկի» կլինի, հաղորդում է CNN-ը։
Հարցին, թե ինչպես է նա անցյալ շաբաթ հեռախոսազրույցի ժամանակ Նեթանյահուին զգուշացրել բանակցությունները խափանելու մասին, Թրամփը պատասխանել է. «Ես կցանկանայի անկեղծ լինել։ Այո, ես դա արեցի»։
«Դա նախազգուշացում չէ, ես ասացի, որ չեմ կարծում, որ դա նպատակահարմար է», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նշել է, որ իր թիմը վերջին մի քանի շաբաթների ընթացքում Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ութքոֆի գլխավորությամբ և Օմանի միջնորդությամբ Իրանի հետ «շատ լավ քննարկումներ» է ունեցել։
«Ես ասացի, որ չեմ կարծում, որ դա նպատակահարմար է հիմա, որովհետև եթե մենք կարողանանք այդ հարցը կարգավորել շատ խիստ փաստաթղթով, շատ խիստ ստուգումներով… Ես նրան ասացի, որ դա անելը հիմա տեղին չէ, որովհետև մենք շատ մոտ ենք որոշմանը», -ասել է նա։
Թրամփը շեշտել է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնագիր «շատ հաստատուն» կլինի:
«Ես ուզում եմ, որ այն շատ հաստատուն լինի, որպեսզի կարողանանք այնտեղ գնալ տեսուչների հետ։ Մենք կարող ենք վերցնել այն, ինչ ուզում ենք, կարող ենք պայթեցնել այն, ինչ ուզում ենք, բայց ոչ ոք չի մահանա։ Մենք կարող ենք պայթեցնել լաբորատորիան, միայն երբ լաբորատորիայում ոչ ոք չլինի, ի տարբերություն նրանց, ովքեր լաբորատորիայում են և պայթեցնում են այն», -հայտարարել է նա։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը վերապահում է արել, որ իրավիճակը «կարող է փոխվել ցանկացած պահի՝ այն կարող է փոխվել մեկ հեռախոսազանգով»։ Խոսելով Իրանի մասին՝ նա նշել է, որ «այս պահին կարծում եմ, որ նրանք ցանկանում են գործարք կնքել։ Եվ եթե մենք կարողանանք գործարք կնքել, ես շատ կյանքեր կփրկեմ»։





























