Բրիտանական կառավարությունը կծախսի ավելի քան 1 միլիարդ ֆունտ (1,35 միլիարդ դոլար) արհեստական բանականության եւ կիբեռհարձակման թիմեր ստեղծելու համար՝ թշնամական պետությունների գործունեությանը հակազդելու համար: Այս մասին հայտնել է Daily Telegraph թերթը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։
Ինչպես նշել է նախարարը, «ստեղնաշարերը դարձել են պատերազմի միջոց», ուստի նման տեխնոլոգիաների եւ ստորաբաժանումների օգտագործումը «նոր չափանիշներ» կսահմանի պաշտպանության ոլորտում։ Թերթի տվյալներով՝ այս ոլորտում նոր քաղաքականությունը կուրվագծվի կառավարության կողմից Մեծ Բրիտանիայի անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համապարփակ վերանայման մեջ։ Այն պետք է հրապարակվի հունիսի 2-ին։
Պարբերականը գրել է, որ վերջին երկու տարվա ընթացքում թագավորության պաշտպանության նախարարությունը ենթարկվել է մոտ 90 հազար կիբեռհարձակումների, ինչը երկու անգամ ավելի է, քան 2023թ. հրապարակված տվյալները։ The Daily Telegraph-ը նշել է, որ հարձակումներն իբր իրականացվել են Ռուսաստանից եւ Չինաստանից։
The Guardian-ն ավելի վաղ հայտնել էր, որ բրիտանացի զինվորականներն արդեն փորձարկում են արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված տեխնոլոգիաներն այնպիսի երկրներում, ինչպիսին Էստոնիան է, որտեղ համակարգերը «կարող են ավտոմատ կերպով բացահայտել պոտենցիալ սպառնալիքները եւ որոշել, թե որ զենքերն են առավել արդյունավետ դրանք խոցելու համար»:





























