Ուրումչիի՝ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաքի հենց կենտրոնում տարածվել է Կենտրոնական Ասիայի ամենահայտնի շուկաներից մեկը՝ Գրանդ բազարը կամ Էրդաոցյաո Միջազգային մեծ բազարը։ Սա պարզապես առեւտրավայր չէ, այլ տարածարջանի մշակութային սիրտը, որտեղ միահյուսվում են պատմությունը, ճարտարապետությունը եւ ժողովուրդների ավանդույթներրը, որոնք դարեդար բնակեցրել են այս հողերը։

Բազարը դարձել է Ուրումչիի խորհրդանիշը 2003թ. բացումից ի վեր: Զբաղեցնելով ավելի քան 100 հազար քառակուսի մետր տարածք՝ այն համարվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ շուկան: Նրա մասշտաբները տպավորիչ են, եւ մթնոլորտը պարուրում է քեզ Մեծ Մետաքսի ճանապարհի դարաշրջանով. այստեղ է, ինչպես դարեր առաջ, որ կարող ես զգալ քարավանների ոգին, մշակույթների խաչմերուկը եւ արեւելքի անվերջանալի տարածությունները:

Առաջին քայլերից այցելուներին դիմավորում է հոյակապ կամարը՝ զարդարված նրբագեղ փորագրություններով եւ խճանկարներով։ Այնտեղ բացվում է առեւտրի արկադների լաբիրինթոս, որտեղ կարող եք գտնել գրեթե ամեն ինչ՝ հուշանվերներից եւ ավանդական ույղուրական հագուստից մինչեւ գորգեր, համեմունքներ, խեցեղեն եւ զարդեր: Հատուկ ուշադրություն է գրավում տեղական խոհանոցը՝ տապակած միսը, փախլավան, տափակ հացերը, անուշաբույր համեմունքներն ու քաղցրավենիքները, որոնք բառացիորեն օդը հագեցնում են արեւելյան բույրերով:

Սակայն Գրանդ բազարը միայն շուկա չէ։ Այն կենդանի բեմ է, որի վրա ծավալվում է տարածաշրջանի մշակութային կյանքը։ Տարբեր անկյուններից լսվում են ազգային նվագարանների` դուտարի, ռաբաբի հնչյունները, որոնք ուղեկցում են զբոսաշրջիկներին ու տեղացիներին շուկայի ճանապարհին: Համալիրի ճարտարապետությունը հիշեցնում է արեւելյան հեքիաթներ. սլացիկ մինարեները, փորագրված գմբեթները, կամարները եւ փայտե դետալները այն դարձնում են Սինցզյանի քաղաքային համայնապատկերի եւ մշակութային լանդշաֆտի անբաժանելի մասը:

Բազարի յուրահատկությունը անցյալն ու ներկան միավորելու ունակությունն է: Այստեղ ժամանակակից ենթակառուցվածքը ներդաշնակորեն համատեղվում է ավանդական ճարտարապետության եւ հին արեւելքի ոգու հետ: Դա տարածք է, որտեղ իսլամական մշակույթը, էթնիկ բազմազանությունը, առեւտուրը եւ զբոսաշրջությունը ստեղծում են կյանքի հատուկ ռիթմ՝ դինամիկ, կենսունակ եւ առանձնահատուկ:

Ուրումչիի Գրանդ շուկան ավելին է, քան զբոսաշրջային գրավչություն: Այն կենդանի բացօթյա թանգարան է, մշակույթների եւ ժողովուրդների հանդիպման վայր, Սինցզյանի պատմության եւ արեւելյան քաղաքակրթության դարպաս: Այցելել այստեղ՝ նշանակում է շոշափել ժառանգությունը, որը խնամքով պահպանվում եւ շարունակվում է այս եզակի տարածքի յուրաքանչյուր անկյունում:

Ուրումչիի Գրանդ բազարը էկզոտիկայի, համերի եւ բույրերի իսկական գանձարան է:
Բազարը բաժանված է մի քանի թեմատիկ բաժինների, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ապրանքների յուրահատուկ տեսականի՝ ձեռագործ աշխատանքներ, սնունդ, համեմունքներ եւ թեյեր, տեքստիլ եւ հագուստ, ինչպես նաեւ հնաոճ իրեր եւ հուշանվերներ:

Միջազգային Մեծ բազարը իդեալական վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են ընկղմվել արեւելյան առեւտրի մթնոլորտում եւ գտնել յուրահատուկ հուշանվերներ ու նվերներ։













Ուրումչիից՝ Մարիա Ասատրյան





























