Պեզինոկ քաղաքի հատուկ քրեական դատարանը Սլովակիայի Ազգային բանկի նախագահ Պետեր Կաժիմիրին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ եւ տուգանել 200 հազար եվրոյով։ Այս մասին հաղորդել է սլովակյան SITA գործակալությունը։

Գործը քննելուց հետո դատարանը եկել է այն եզրակացության, որ Կաժիմիրը, որը նախկինում զբաղեցնում էր Սլովակիայի ֆինանսների նախարարի պաշտոնը, 48 հազար եվրո կաշառք է տվել հանրապետության ֆինանսական վարչակազմի ղեկավար Ֆրանտիշեկ Իմրեցին՝ մի քանի ընկերությունների պետբյուջեից ավելի քան 3 մլն եվրո ԱԱՀ արագացված վերադարձի համար։

Մինչդեռ Կաժիմիրը, որը հրաժարվել է մասնակցել դատական ​​նիստին, որտեղ կայացվել է դատավճիռը, հերքում է իր մեղքը։ Նրա խոսքով՝ իր դեմ հարուցված դատավարությունը շինծու է։ Նրա փաստաբանը տեղեկացրել է, որ խորհուրդ կտա պաշտպանյալին բողոքարկել դատարանի որոշումը։

Կաժիմիրին մեղադրանք է առաջադրվել 2022թ. նոյեմբերին կաշառակերության մեջ։ Նման մեղադրանքներ նրան արդեն առաջադրվել էին 2021թ. հոկտեմբերին։ 2022թ. հունիսին Սլովակիայի գլխավոր դատախազությունը հանել է Կաժիմիրի մեղադրանքները։