Նախագիծը ամբողջությամբ բովանդակային քննարկման է ենթարկվում, և մինչև բոլոր մտահոգությունները չփարատվեն, այն դեռևս քննարկման փուլում կգտնվի, նաեւ հանրային կարծիքն է հաշվի առնվում։ Այս մասին այսօր՝ մայիսի 29–ին, ՔՊ խմբակցությունում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ քննարկվել է ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը՝ բանակում փողի դիմաց քիչ ժամկետով ծառայելու վերաբերյալ։

«Այս պահի դրությամբ չեմ կարող ասել ինչ վարչարարություն կլինի առաջիկայում, բայց կարող եմ ասել, որ քննարկումները բովանդակային շարունակվելու են։ Որեւէ քվեարկում չի եղել, զուտ գիտական բովանդակային քննարկում է նախագծի բոլոր կետերի, բոլոր կարգավորումների վերաբերյալ:

Քննարկելու ենք, հնարավորինս լավարկելու ենք, պետք է առավելագույնս այս նախագիծը լավարկվի: Եվ եթե հասկանանք, որ մեր առջև դրված խնդիրները արդեն լուծվում են և հանրային կոնսենսուսն էլ կա, և այն բոլոր մտահոգությունները, որոնք հանրության մեջ և մեր գործընկերները ունեին, այդ մտահոգությունները փարատված կլինեին, արդեն նախագիծը կգնա իր ընդունման ճանապարհով։

Հիմնական տարընկալումները, որ կան, գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված։ Քննարկման մեջ որևէ սահմանափակում մենք չունենք, կարող ենք քննարկել, որ նախագիծը գուցե ապագա չունի, դադարեցնենք քննարկումները, կարող ենք քննարկել, որ պետք է շուտ ընդունենք և հակառակը։ Ասեմ հետևյալը, խնդիրը կա, կան հասարակական հարաբերություններ, որոնք թերի կարգավորված են, և դրանք հրատապ կարգավորման կարիք ունեն, որովհետև  չկարգավորելու դեպքում մենք ազգային անվտանգության հետ կապված խնդիրները արդյունավետ չենք լուծում։

Այսինքն մեր բանակի զորահավաքային պրոցեսը մենք ավելի արդյունավետ դարձնելու լուրջ խնդիր ունենք, ու այս նախագիծը շատ կարևոր է։ Բայց նախագծում հոդվածներ կան, նորմեր կան, որոնք արժեքային տարընկալումների խնդիր ունեն։

Եթե մաթեմատիկական հաշվարկով վերցնենք, այս նախագիծը այս վիճակում ավելացնելու է մեր զորահավաքի ռեսուրսները, բանակի նյութական ռեսուրսնեչը, դա ազդելու է պայմանագրայինների աշխատավարձի վրա դրական առումով։ Բայց մենք ունենք նաև արժեքային ընկալման խնդիր, երբ որ ասում ենք փող, քիչ ծառայություն, դա արդեն մեր հանրությունը այստեղ շատ հակասական ընկալումներ է ունենում, ինչը բնական է և հասկանալի»,–ասաց նա։

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ այս նստաշրջանի օրակարգում այս հարցը չի ընդգրկվելու, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող վստահ ասեմ, դժվար օրակարգում լինի։ Այս պահի դրությամբ քննարկումները դեռևս շարունակվում են, և կարծում եմ, որ մեր պատգամավորներն էլ պետք է իրենց առաջարկությունները, պատկերացումները ներկայացնեն այդ նախագծի վերաբերյալ, դրանց միջից ընտրվեն ամենադրական, ամենաարդյունավետ կարգավորումները,

Սա այնպիսի կարևոր նախագիծ է, որ ինչքան երկար քննարկենք, այնքան հաստատ ավելի արդյունքը դրական կլինի»։

Արմեն Խաչատրյանը չբացառեց, որ այս նախագիծը կարող է ընտրություններից առաջ ի վնաս ՔՊ–ի աշխատել, սակայն հավելեց. «Բայց առաջնայնությունը մենք տալիս ենք ազգային անվտանգությանը և բանակի ռեսուրսների ավելացմանը։ Եթե մի բան անհրաժեշտ է մեր զինված ուժերին, արդեն մենք չենք նայի դա մեր ընտրական ինչ-որ պրոցեսներին վնասելու է, թե չէ։ Նա ավելի գերակա շահ է, քան ընտրական պրոցեսները»։