Մարատ Սևոյանը 2000–ական թվականների սկզբից «Հանրապետություն» կուսակցության անդամ է, ուսուցիչ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում Մարատ Սեւոյանի նշանակմանը։

«Ընդհանուր քննարկումների արդյունքում որոշեցինք, որ ավելի արդյունավետ կլինի իր նշանակումը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Մարատ Սեւոյանը նաեւ ԵԿՄ անդամ է, «Հանրապետություն» կուսակցությունում շատ–շատերը ԵԿՄ անդամ են։

Ես առհասարակ մեր թիմի անդամների աշխատանքը բարձր եմ գնահատում, պարոն Սեւոյանի պարագայում, վստահ եմ,՝ ավելի արդյունավետ է լինելու Նոր Նորք վարչական շրջանի աշխատանքը։ Նոր Նորքը շատ բարդ վերահսկելի վարչական շրջան է, բայց պարոն Սեւոյանի փորձ ունի, պետական ապարատում բազմաթիվ աշխատանքներ է կատարել, այդ թվում լավ տիրապետում է Նոր Նորք վարչական շրջանին, սա տանում է նրան, որ կունենանք լավ արդյունք»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանին, Անի Խաչատրյանն ասաց, որ նա շարունակում է լինել «Հանրապետություն» կուսակցության անդամ եւ նրա նկատմամբ վերաբերմունքի որեւէ փոփոխություն չկա։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Նոր նորքի թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:

Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ: