ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Բայանդուր բնակավայրի մանկապարտեզ:

«#500իցմեկը՝ Բայանդուրը ևս նորակառույց մանկապարտեզ ունի»,- սոցցանցում տեսանյութին կից գրել է վարչապետը:

Տեսանյութում երեւում է, որ մանկապարտեզում շրջայցից հետո Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչների հետ։ Այստեղ էր նաեւ հարեւան Գետք բնակավայրի վարչական ղեկավարը, ով նշեց, որ դեռ 2024–ին ինքը վարչապետի մոտ բարձրացրել է իրենց գյուղի խնդիրները. «Դուք խոստացաք, որ մանկապարտեզը կառուցվել էր Գետքում, երեք գյուղի մանկապարտեզ՝ Ղարիբջանյան, Գետք և Երազգավորս։  Հիմա այդ մանկապարտեզը տեղափոխվել է և պետք է կառուցվի Ղարիբջանյանում, Գերքում չկա ոչ մի մշակութային կենտրոն,կրթական կենտրոն»,–ասաց նա։

Նշվեց, որ ամենաշատ երեխաները Ղարիբջանյանում են, դրա համար մանկապարտեզն այնտեղ է կառուցվել, բայց հարեւան երկու գյուղերի համար կտրամադրվի տրանսպորտ, որ երեխաները հասնեն մանկապարտեզ։

Բնակիչներից մեկը տուն ունենալու խնդիր էր բարձրացրել եւ աջակցություն էր ակնկալում։ Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ տարբեր սոցիալական ծրագրեր է կառավարությունն իրականացնում, այդ թվում հիպոթեքային ծրագիր. «Ուզում եմ մենք իրար ճիշտ հասկանանք, մարդը սովորական պայմաններում, երբ որ պետությունը պարտավորություն չունի և կոնկրետ սոցիալական խմբի ներկայացուցիչ չի, ինքը ո՞նց է տուն ունենում։ Աշխատում է, ստեղծում է, տուն է ունենում, ժողովուրդ ջան, հիպոթեք են վերցնում, մի քիչ աշխատում են, փակում են։ Եկեք մտածենք, ի՞նչ անենք, որ ձեզ օգնենք, որ ձեր եկամուտները ավելանան»,–ասաց վարչապետը։