Կորեայի Գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները ստեղծել են ջրի մաքրման նորարարական նյութ, որը կարող է միաժամանակ ոչնչացնել վնասակար միկրոօրգանիզմները եւ արդյունահանել ֆոսֆոր, նյութ, որն առաջացնում է ջրամբարների մամռակալում: Ընդ որում, նյութն այն աշխատում է առանց էլեկտրականության։ Աշխատանքը հրապարակվել է Advanced Composites and Hybrid Materials (ACHM) ամսագրում։
Կեղտաջրերի մաքրման կայաններով մաքրված ջուրը կրկին օգտագործվում է առօրյա կյանքում եւ արդյունաբերության մեջ, հատկապես ռեսուրսների սակավության պայմաններում: Բայց թափոնների հետ միասին այնտեղ են թափանցում ֆոսֆորն ու բակտերիաները։ Ֆոսֆորը հայտնաբերվում է պարարտանյութերում, լվացամիջոցներում եւ թափոններում: Այն առաջացնում է արագ մամռակալում, ինչը վատացնում է ջրի որակը եւ վնասում էկոհամակարգերին:
Բժիշկներ Չհվե Չժե Ուի եւ Չո Կեն Չժինի գլխավորած գիտնականների խումբը «ծովային ոզնի» նանոկառուցվածքով նյութ է մշակել, որը հինգ րոպեում 1 կիլոգրամ նյութի դիմաց մոտ 1,1 կիլոգրամ ֆոսֆատ է արդյունահանում, ինչը մի քանի անգամ ավելի արագ է գոյություն ունեցող մեթոդներից: Բացի այդ, այն արդյունավետ կերպով ախտահանում է ջուրը՝ ոչնչացնելով բակտերիաները՝ առանց քլորի օգտագործման:
Նոր արտադրանքն աշխատում է մագնիսական դաշտի միջոցով եւ էլեկտրաէներգիա չի պահանջում։ Սա 99 տոկոսով նվազեցնում է էներգիայի ծախսերը՝ ավանդական համակարգերի համեմատ, նվազեցնում է ածխածնի արտանետումները եւ ջրի մաքրումը հասանելի է դարձնում նույնիսկ հեռավոր կամ աղքատ վայրերում, որտեղ չկա կայուն էլեկտրաէներգիա:
Նյութը կարող է օգտագործվել կեղտաջրերի մաքրման համակարգերում, գյուղացիական տնտեսություններում, արդյունաբերության մեջ եւ նույնիսկ բնական աղետների ժամանակ՝ ջրի մաքրման շարժական վթարային սարքերում: Այն նաեւ հարմար է խելացի տնտեսությունների եւ կանաչ արդյունաբերական օբյեկտների համար:
«Սա քայլ է ջրի մաքրման ոչ ծախսատար եւ բազմակողմանի տեխնոլոգիաների ուղղությամբ, ինչը ոչ միայն ջուրն անվտանգ է դարձնում, այլեւ արժեքավոր ռեսուրսները վերադարձնում է շրջանառության մեջ»,- նշել է դոկտոր Չհվեն:




























