Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ 10 օր է, ինչ Գոգավանի անցակետից թույլ չեն տալիս Ռուսաստանից ներկրվող ցլիկներով բեռնված բեռնատարների մուտքը Հայաստան։
ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն NEWS.am–ին հայտնեց, որ խմբաքանակը ներկրվել է կեղծ փաստաթղթերով։ Նրա խոսքով, հարեւան երկրներում կան դաբաղի բռնկումներ, և ՍԱՏՄ-ն պարտավոր է ստուգել բոլոր կենդանիների ուղեկցող փաստաթղթերը. «Խմբաքանակը բերվել է Ռուսաստանի Դաշնությունից, և մենք արդեն այնտեղի համապատասխան կառույցից ճշտել ենք, որ կենդանիներին ուղեկցող փաստաթղթերը իրենց կողմից տրված չեն և կեղծված են: Սա նշանակում է, որ խմբաքանակը անհայտ ծագման է, իսկ անհայտ ծագման կենդանիները ենթակա են կամ վերադարձի, կամ ոչնչացման»։





























