Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» բարեգործական կազմակերպությունն այս տարի 25-րդ անգամ նշեց հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ «Օրրանի» բակը զարդարված էր գունավոր փուչիկներով, իսկ «Օրրանի» սաներն իրենց երգ ու պարով էլ ավելի տոնականություն հաղորդեցին կազմակերպված միջոցառմանը:
Հյուր էին եկել սիրված մուլտհերոսներ Միկին և Մինին։
«Արմենիա Մարրիոթ» հյուրանոցի խոհարարական անձնակազմն ու աշխատակիցները հոգացել էին բոլոր պատրաստությունները՝ ավանդույթ դարձած համեղ բուրգերները պատրաստելու համար։ Օրվա շեֆ խոհարարը Օրրանի հենասյուն, գործարար Ռալֆ Յիրիկյանն էր։
Ողջ օրվա ընթացքում Հայաստանից և արտերկրից ժամանած հյուրերի հոսքը շարունակվում էր։ Երեխաներին շնորհավորելու էին եկել Օրրանի ընկերները՝ ճանաչված արտիստներ, հեռուստատեսության դեմքեր, հանրային գործիչներ և մարզիկներ՝ նրանց թվում Էվելինա Շահիրյանը, Նաիրա Շահիրյանը, երգչուհի Նառան, Թամարա Պետրոսյանը, նկարիչ Աշոտ Յանը, Գոհար Իգիթյանը, Նազիկ Ավդալյանը և շատ այլ սիրված հյուրեր, ովքեր իրենց ներկայությամբ օրն ավելի հիշարժան դարձրին մեր սանների համար։
Օրվա համեղ հյուրասիրությունը սիրով ապահովել էին «Տաշիր Պիցցա» պիցցերիաների ցանցը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն և «Թամարա» ընկերությունը՝ օրը հարստացնելով համեղ ուտեստներով, զովացուցիչ ըմպելիքներով և քաղցրահամ պաղպաղակով։




























