ԱՄՆ-ում մեկնարկել է ծովային ուժերի հրամանատարի աղմկահարույց գործի դատավարությունը: Նա մեղադրվում է Իրաքում ծառայելու ժամանակ այդ երկրի 24 խաղաղ բնակիչների սպանության մեջ:
Ինչպես գրում է The Washington Post-ը, ԱՄՆ ծովային ուժերի հրամանատար, 31-ամյա Ֆրենկ Վուտերիչը 2005թ. նոյեմբերի 19-ին իր վաշտին հրամայել է երկու բնակելի տուն «սրբել»: Այս կարգադրությունը նա ամրագրել է հետեւյալ խոսքերով` «սկզբում կրակիր, հետո նոր հարցեր տուր»: Արդյունքում զինվորները 24 մարդ են սպանել, այդ թվում` կանանց եւ երեխաների: 19 մարդու անձամբ Վուտերիչն է սպանել:
Պաշտպանությունը պնդում է, որ Վուտերիչն այդ պահին անհանգստացած է եղել ճամփեզրի ռումբի պայթյունի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել էր նրա զինվորներից մեկը, եւ չի կարողացել առողջ դատողությամբ վերլուծել իրավիճակը:
Մեղադրող կողմը պնդում է, որ Վուտերիչը գիտակցված հրաման է տվել, նա զոհված ծառայակցի վրեժն է լուծել:
Վուտերիչին կանխամտածված սպանության համար ինը կետից բաղկացած մեղադրանք է ներկայացվել: Ակնկալվում է, որ նրա նախկին ենթականերից գոնե մեկը դատարանում ելույթ կունենա որպես մեղադրող կողմի վկա: Վուտերիչի պաշտպանությունը դատարանին կոչ է անում չհավատալ նման վկայություններին, քանի որ, մեղադրյալի փաստաբանների կարծիքով, զինծառայողները այդպես են վարվում` փոխարենը իշխանություններից ակնկալելով պաշտպանություն քրեական պատասխանատվությունից:
Ինքը Վուտերիչը հայտարարել է, որ չնայած ցավում է խաղաղ բնակիչների մահվան համար, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա խոսքով` այդ պահին ինքը կարծել է, որ գործում է օրենքի սահմաններում, եւ վարվել է այնպես, ինչպես զինվորականները մարտի ժամանակ:



























