Ստեփանավանի հայտնի այգին, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես «Ծառուղի», ոչ միայն զբոսանքի սիրված վայր է, այլև հաճախ տարբեր տեսակի հավակնությունների թիրախ է դառնում։
Մի քանի տարի առաջ սոցիալական ցանցերում լուսանկարներ և տեղեկություններ հրապարակվեցին այգու տարածքում խոյացող ինչ-որ օբյեկտի մասին։
Բարձրացված աղմուկից հետո շինարարությունը կանգ էր առել, սակայն մի քանի տարի անց օբյեկտը «բարեհաջող կերպով» ավարտվել է։
Եվ հիմա, այգու արդեն «կծած» հատվածի անմիջական հարևանությամբ, ծառերի վրա վաճառքի մասին հայտարարություններ են կախված։ Պետք է ենթադրել, որ հողամասերի, այլ ոչ թե մեկ ծառի վաճառքի մասին։ Ի՞նչ հիմքով են վաճառվում տասնամյակների տարիք ունեցող ծառերով հողամասերը, ո՞ւմ մտքով է անցել այգու տարածքում գումար վաստակելու հնարավորությունը՝ պատմությունը լռում է, քանի որ տրամադրված հեռախոսահամարներով չհաջողվեց կապ հաստատել։




























