Ֆրանսիացի պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, ֆրանսիական շատ կայքեր գրոհի են ենթարկվել թուրք հաքերների կողմից, որոնք սպառնում են  հետագա հաշվհարդարով միչեւ օրինագծի` Սենատում քվերակությունը, գրում է «Nouvelles d`Arménie»-ին` վկայակոչելով «France-Presse»-ին:

«Ֆրանսիայի ժողովրդի դեմ հաքերային «AyYildiz» («կիսալուսին եւ աստղ») խումբը ոչ մի բան չունի: Սակայն եթե դա շարունակվի, ավելի լուրջ գրոհներ կլինեն բոլոր խմբերի կողմից»,-ասել է նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչ  Իսհակ Թելին:

Թուրքական մեկ այլ հաքերային խումբ` «Akincilar»-ը,  ֆրանսիացի պատգամավորներին խորհուրդ է տվել «ուսումնասիրել օսմանյան պատմությունը»: Հաքերային հենց այս խումբն էր գրոհել օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի, հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի կայքերի վրա:

Հաքերների կարծիքով` կայքերի վրա գրոհը հանցագործություն չէ. «Մենք կիբերաշխարհում ներկայացնում ենք մեր ժողովրդավարական արձագանքը Ֆրանսիայի նկատմամբ` գլխավոր էջերում  տեղադրելով հաղորդագրություններ,  որոնք չեն վերաբերում կայքերի բովանդակությանը»:

Ի դեպ, Թուրքիայում համակարգչային պիրատությունը պատժվում է ազատազրկմամբ: Սակայն ազգայնական-հաքերները  որոշակի անպատժելիություն են վայելում, ասում է Ստամբուլի «Բելգե» համալսարանի  նոր մեդիայի մասնագետ Օզգուր Ուչկանը:

«Հաքերության այդ տեսակն իրականում չի պատժվում: Սակայն եթե նրանք գրոհեն թուրքական կայքերը, ոստիկանությունը կանի հնարավորը նրանց գտնելու համար: Գոյություն ունեն երկակակի ստանդարտներ»,-նշել է նա:

Միաժամանակ նա կոչ է անում լուրջ չընդունել այդ խմբերի մասշտաբայնությունը` նշելով, որ «նրանք առավելագույնը 40-50 հոգի են» եւ  ամենաշատը «պարզունակ գրոհներ» են իրականացնում: