Թեհրանն Իրանի հետ ապագա համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի գրավոր առաջարկը, որը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու բանակցությունների մաս է կազմում, համարում է իրականությունից հեռու։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմից վերջերս ներկայացված առաջարկը բացարձակապես անընդունելի է։ Թեհրանը դրանում պարունակվող կետերը համարել է «միակողմանի և իրականությունից հեռու» և չի դիտարկի այն որպես հնարավոր համաձայնագրի հիմք։
Ավելի վաղ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևվիթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիտկոֆն Իրանի իշխանություններին է ուղարկել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն և ընդունելի առաջարկ։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ ամերիկյան կողմը դեռևս Իրանին երաշխիքներ չի տվել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ առաջարկվող համաձայնագրի շրջանակներում հակաիրանական պատժամիջոցների վերացման վերաբերյալ, և այս առաջարկին պատասխանը կմշակվի՝ հաշվի առնելով երկրի ազգային շահերը։
Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հինգերորդ փուլը, որտեղ միջնորդի դերում հանդես է եկել Օմանը։ Խորհրդակցություններից հետո Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտնեց, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է ձեռք բերվել: Իր իրանցի գործընկերոջ խոսքով՝ Թեհրանն ու Վաշինգտոնը հույս ունեն դրական արդյունքների հասնել մեկ կամ երկու հանդիպումների ընթացքում:





























