Աբխազիայում դաժանաբար սպանել են ազգությամբ վրացի ոստիկանի: Դատախազությունում չեն բացառում ազգային հողի վրա կատարված սպանության վարկածը, բայց դրա հետ մեկտեղ, կարծում են, որ մարդասպանները հատուկ ուղարկված են եղել Թբիլիսիից:

Ըստ Աբխազիայի գլխավոր դատախազի մամուլի ծառայության հաղորդման` հունվարի 9-ին, մոսկովյան ժամանակով ժամը 20:00-ին  Գալիի շրջանի Գագիդա գյուղում Ներքին գործերի աշխատակից, անվտանգության սպա Վիտալի Ռոդոնայի զոքանչի տուն (այդ պահին սպան այնտեղ է գտնվել), 3 զինված մարդիկ են ներխուժել` դիմակավորված եւ քողարկված: Նրանք ուժով կապիտանին դուրս են հանել տնից: Ավելի ուշ նրա դին հրազենային փամփուշտի 11  հետքերով հայտնաբերվել է 150 մ հեռավորության վրա:  Հանցագործության վայրում հայտնաբերվել են 7,62  եւ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Հանցագործները նաեւ ականապատել էին դեպի սպանվածի մարմինը տանող ուղիները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

 Աբխազիայի Գլխավոր դատախազությունում չեն բացառում, որ Ռոդոնայի ազգային պատկանելությունն էլ հենց նրա սպանության պատճառն է դարձել: Այնտեղ նշել են, որ հետաքննական խմբում դիտարկվող վարկածների թվում նշվում է նաեւ Վրաստանի հատուկ ծառայությունների ուղարկած կազմակերպված հանցավոր խմբի կողմից սպանվելու վարկածը:

«Աբխազիայի հատուկ ծառայությունները նպատակադրված կերպով վերացնում են Աբխազիայի իրավապահ մարմիններում ծառայություն իրականացնող ազգությամբ վրացի անձանց», - հայտարարել են Գլխավոր դատախազությունում: