Microsoft կորպորացիան նորից հարյուրավոր մարդկանց ազատել է աշխատանքից վերջին տարիների ամենամեծ կրճատումներից ընդամենը մի քանի շաբաթ անց։ Ընկերությունը կրճատում է ծախսերը՝ չնայած այն բանին, որ միլիարդներ է ներդնում արհեստական ​​բանականության մեջ, հաղորդել է Bloomberg-ը։

Վաշինգտոն նահանգի ծանուցման համաձայն, որին ծանոթացել է գործակալությունը, երկուշաբթի ավելի քան 300 աշխատակից տեղեկացվել է իր աշխատատեղերի կրճատման մասին։

Microsoft-ի ներկայացուցիչը նշել է, որ աշխատուժի վերջին կրճատումները լրացնում են նախկինում հայտարարված 6 հազար աշխատատեղերի կրճատմանը։ «Մենք շարունակում ենք կատարել կազմակերպչական անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի ընկերությունը լավագույնս դիրքավորվի դինամիկ շուկայում հաջողության հասնելու համար»,- ասել է նա։

Microsoft-ի նախորդ կրճատումներն ամենից շատ հարվածել են ծրագրային ապահովման ինժեներներին։ Սակայն երկուշաբթի չի հաջողվել պարզել, թե որ աշխատատեղերն են տուժել։ 2024թ. հունիսի դրությամբ ընկերությունն ուներ մոտ 22 հազար լրիվ դրույքով աշխատող, որոնց 55 տոկոսն աշխատում էր Միացյալ Նահանգներում։

Պարբերականը նշել է, որ արհեստական ​​բանականության «բումը» ցնցել է տեխնոլոգիական աշխատաշուկան, քանի որ ընկերությունները առաջնահերթությունը տալիս են արհեստական ​​բանականությանը վերաբերող աշխատանքներին եւ օգտագործում են այդ տեխնոլոգիան գումար խնայելու համար։

Մասնավորապես, Microsoft-ը եւ նրա գործընկերները, այդ թվում՝ Meta-ն, գովաբանել են արհեստական ​​բանականության վրա հիմնված կոդավորման գործիքների արդյունավետությունը ծրագրային ապահովման մշակումն արագացնելու համար: Անցյալ շաբաթ Salesforce-ը հայտնել էր, որ արհեստական ​​բանականության ներքին օգտագործումը թույլ է տվել իրեն ավելի քիչ աշխատողներ վարձել:

Հիշեցնենք, որ վերջերս գրել էինք, որ Microsoft-ը պատրաստում է նոր սերնդի հարթակ, որը թույլ կտա բիզնեսներին ստեղծել իրենց սեփական արհեստական ​​բանականության գործակալները: Նախագիծը ղեկավարում է Meta-ի նախկին ինժեներային տնօրեն Ջեյ Փարիկը, որը գլխավորել է CoreAI ստորաբաժանումը: