Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլ անցկացնելու հնարավորությունը լուրջ կասկածի տակ է եւ կարող է ընդհանրապես տեղի չունենալ, երկուշաբթի հաղորդել է CNN-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Նրա տվյալներով՝ Իրանը իսլամական հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը համարել է «անհետեւողական եւ անկապ, անիրատեսական եւ չափից ավելի պահանջներ ներկայացնող»։ «Ամերիկացիները անընդհատ փոխում են իրենց դիրքորոշումը, եւ սա մինչ օրս հաջող բանակցությունների հիմնական խոչընդոտն է եղել եւ աշխատանքն ավելի է դժվարացնում, քան երբեւէ»,- CNN-ին ասել է իրանցի անանուն բարձրաստիճան պաշտոնյան։
Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ առաջարկը տարբերվում է կողմերի միջեւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից։ «Այս տեքստը ուղղակիորեն հակասում է բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում մեր կողմից ձեռք բերված վերջին համաձայնագրին»,- ասել է նա։
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ Վաշինգտոնի կողմից Թեհրանին մայիսի 30-ին ներկայացված առաջարկները նախատեսում են Իրանի կողմից ուրանի հարստացում 3 տոկոսի չափով։ Միաժամանակ, ԱՄՆ ծրագրի համաձայն, իսլամական հանրապետությունը ստիպված կլինի ապամոնտաժել ուրանի փոխակերպման եւ վերամշակման հիմնական ենթակառուցվածքները, դադարեցնել գազային ցենտրիֆուգների մշակումը եւ պարտավորվել չկառուցել միջուկային նյութի հարստացման նոր օբյեկտներ։ Բացի այդ, միջուկային գործարքը, ըստ Վաշինգտոնի ծրագրի, ենթադրում է ուրանի «տարածաշրջանային հարստացման կոնսորցիումի» ձեւավորում: Վերջապես, ԱՄՆ-ը առաջարկում է ստեղծել Իրանի գործողությունների «հզոր մոնիթորինգի եւ ստուգման համակարգ», ընդ որում՝ Թեհրանը անմիջապես կվերսկսի ԱԷՄԳ-ի հետ կնքված երաշխիքների համաձայնագրի լրացուցիչ արձանագրության կիրառումը:





























