Al Jazeera English հեռուստաալիքով, հունվարի 11-ին, Երեւանի ժամանակով 21.00-ին, կցուցադրվի Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը, որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց եւ աղջիկներին պարտադրաբար դաջելու մասին:
Ֆիլմի հեղինակի խոսքով, այն դաջվածքների ու դրանք կրող կանանց ճակատագրերի մասին է: Խարտալյանը ցանկացել էր նկարահանել ֆիլմ Ռուանդայի ցեղասպանության զոհերի, նրանց կանանց մասին, եւ թե ինչպես են կանայք իրենց ուսերին կրում ցեղասպանության բեռը: Թեման ուսումնասիրելու ժամանակ ֆիլմի հեղինակը Ֆրանսիայի արխիվներում հայտնաբերում է փաստեր, որոնք նրան հիշեցնում են իր տատի դաջվածքները, ով եղել է Հայոց ցեղասպանության զոհերից մեկը: Սյուզան Խարտալյանին միշտ հետաքրքրել է այդ դաջվածքների իմաստը, եւ ֆիլմում բացահայտվում են հենց այդ հարցերը, հաղորդում է yerkir.am-ը:




























