Մոսկվայում խարդախությամբ 24 բնակարան «ճանկած», ինչպես նաև մահացած և առևանգված մարդկանցից գումար գողացած ավազակախմբի անդամները դատապարտվել են 8-23 տարվա ազատազրկման, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
«Դատարանի որոշմամբ նրանք դատապարտվել են 8- 23 տարվա ազատազրկման տարբեր ռեժիմի ուղղիչ գաղութներում»,-ասված է հայտարարության մեջ։
Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարաններից ստացված տեղեկություններով՝ Մոսկվայի քաղաքային դատարանը դատապարտել է յոթ մեղադրյալի։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի մայրաքաղաքային շտաբի մամուլի ծառայությունը հայտնել էր գործի քննության ավարտի մասին, որի շրջանակում մեղադրյալները ավելի քան 260 միլիոն ռուբլու չափով գույքային վնաս են պատճառել։
Հետաքննության տվյալներով՝ 2011-2019 թվականներին կազմակերպիչը և մասնակիցները հանցավոր խումբ են ստեղծել՝ անշարժ գույքին առնչվող հանցագործություններից անօրինական եկամուտ ստանալու նպատակով։
Նրանք հավաքագրել են կեղծ փաստաթղթեր պատրաստող հանցակիցների։ Հանցագործները տիրացել են Մոսկվայում 24 բնակարանի, Մոսկվայի մարզում՝ մեկ բնակարանի և երկու հողամասի, փորձել են գրանցել Մոսկվայում ևս երկու բնակարանի սեփականության իրավունքը, գումար են գողացել հինգ մահացած քաղաքացիների հաշիվներից, ինչպես նաև գործարքներ են կատարել ակնհայտորեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հետ։ Բացի դրանից, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու համար չարագործներն առևանգել են 4 բնակարանատերերի։
Դատարանն արդեն մեղավորության դատավճիռներ է կայացրել հանցավոր խմբի հինգ անդամների նկատմամբ։ Կազմակերպիչներից մեկի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։





























