ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ Սյունիքի վրա հարձակման վտանգ կա, նույնը հայտարարում է ՌԴ պաշտպանության նախարարը, Թուրքիան ու Ադրբեջանը անընդհատ ասում են, որ այդ միջանցքը մեկ է՝ բացվելու է. մենք հիմա ավելի դժվար իրավիճակում ենք, քան 1915-1920 թվերը, որովհետև այն ժամանակ մի կողմից էր վտանգը, հիմա երկու կողմից է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։

«Կառուցվում է մեծ Թուրան, դեպի արևելք գնացող, Միջին Ասիա, իրենց հետևը կանգնած է Չինաստանը։ Տեսեք, Չինաստանի հետ էլ պայմանավորվեց Ալիևը, նա շատ խելացի մարդ է, Արևմուտքի հետ էլ կպայմանավորվի, այնտեղ ունի լոբբի, ուժեղագույն Իսրայելի լոբբին, որը առանց որևէ հետևանքների, մի ամբողջ ժողովուրդ է ոչնչացնում ձեր աչքերի առաջ Ամերիկայի ձեռքերով։ Իսկ մենք ոչ դեսպան ունեցանք Միացյալ Նահանգներում, որը ինչ-որ բան կարողանար անել, Մոսկվայում ինչո՞վ ենք մենք զբաղված, ես չգիտեմ։ Սա ի՞նչ հարաբերություններ են ձեր նախկին դաշնակցի հետ։ Չինաստանում Ադրբեջանը առաջ անցավ մեզանից, Իրանի հետ ինչ-որ հանդիպումներ անում ենք, բայց հետո էլի ընկնում ենք այդ եվրոհեքիաթների ձեռքը։ Իրանը ո՞նց մեզ վստահի, մենք չունենք արտաքին քաղաքականություն, մենք չունենք պետություն, բոլոր առավելությունները, բոլոր քարտերը մեր թշնամիների ձեռքն են, մեզ այսպես էլի ոչնչացնելու են։ Բայց սա 1920 թվից ավելի վատ կարող է լինել, որովհետև 20 թվին մեզ կիսեցին, գոնե բոլշևիկները մի մասը վերցրեցին։ Հիմա 11-րդ բանակը չկա։

Երբ մենք 2018 թվականին մի քանի օրով հավատացինք այս մարդուն, մենք բոլորս գիտեինք, որ եթե այս անգամ էլ ժողովուրդը խաբվի, էլ ոչ մեկին չի հավատա, ու այդպես էլ եղավ։ Մեզ էլի խաբեցին»,–ասաց նա։

Անդրադառնալով Ֆրանսիայի պաշտոնյաների Հայաստան այցերին, քաղաքագետն ասաց. «Ֆրանսիան մեզ ի՞նչ է առաջարկում: Հյուպատոսությունը շատ լավ բան է, իսկ հյուպատոսությունը ինչո՞վ է պաշտպանելու մեզ, բլոկնոտներով, գրիչներո՞վ։ Մըսյո Մակրոնը, փոխանակ ամբողջ աշխարհով վազվզի, մի անգամ կարող է Երևանն էլ գա, և ասի, որ մենք երաշխավորում ենք Հայաստանի տարածքը, և եթե լինի հարձակում Հայաստանի տարածքի վրա, լինելու էլ պատժամիջոցներ, ինչպես Ռուսաստանի դեմ են անում։ Կա՞ այդպիսի պայմանագիր, բազա բերելո՞ւ են, թե՞ էլի ինստրուկտորներ են բերելու հեռադիտակներով, որ մեզ սովորեցնեն՝  կոմպյուտերները ոնց են օգտագործում։

Իրենցից պահանջում է շատ կոնկրետ բան, ասել՝ մենք ձեզանից նավթ չենք առնի, եթե դուք հարձակվեք Հայաստանի վրա։ Այն օրը, երբ նրանք կկնքեն պայմանագիր, որ ապահովում են Հայաստանի անվտանգությունը, այստեղ բազա են հիմնում և գարանտ են հանդես գալիս մեր անվտանգությանը,  ես կասեմ, դե ինչ-որ մի քայլ արվեց։ Բայց այդ դեպքում ինչ-որ ձևով նաև պետք է վրացիների հետ պայմանագիր կնքվի, որ նրանք չեն փակի իրենց տարածքը, եթե պատերազմ սկսվի, որ իրենց տարածքով կարողանան հասնել մեզ»,ընդգծեց Արթուր Խաչիկյանը։

Դիտարկմանը, որ Ռուսաստանն էլ զենք է վաճառել Ադրբեջանին, չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, քաղաքագետն արձագանքեց. «Մենք դաշնակցի պես չենք վերաբերվում Ռուսաստանին։ Մինչև այս իշխանության գալը Ռուսաստանը մեծ չափով կատարում էր իր պարտավորությունները, նրանք  եկան իշխանության, միանգամից հայտարարեցին, որ իրենց ընկերները Արևմուտքն է, այսինքն Ռուսաստանի թշնամիները։ Դուք ամեն ձևով փչացրեցիք մեր հարաբերությունը Ռուսաստանի հետ, հետո ուզում եք, որ Ռուսաստանը ձեզ օգնի։

Երկրորդը Ռուսաստանը այնպիսի վիճակում է, որ կախված է Թուրքիայից ու Ադրբեջանից։ Նրանք մերձենում են Թուրքիայի հետ, այո, դա իրականություն է, իսկ Արևմուտքը Ռուսաստանից ավելի պրոհայկակա՞ն է։ ոչ։ Ռուսաստանը գոնե ինչ-որ ձևով նեյտրալ էր, ինչ-որ ձևով ուզում էր համ մեզ, համ ձեզ։ Արևմուտքը ու՞մ կողմից է, Թուրքիան Արևմուտքի դաշնակիցն է»։