Թեհրանը պատրաստ է քննարկել Միացյալ Նահանգների առաջարկած ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծումը՝ որպես Վաշինգտոնի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի մաս, բայց միայն այն դեպքում, եթե այն գործի Իրանի տարածքում: Կողմերը կարող են շարունակել բանակցությունները արդեն այս հանգստյան օրերին, հաղորդել է Axios-ը՝ հղում կատարելով իրանցի բարձրաստիճան անանուն պաշտոնյային:

«Եթե կոնսորցիումը գործի Իրանի տարածքում, հարցը կարող է դիտարկվել։ Բայց եթե այն գտնվի երկրի սահմաններից դուրս, դա անպայման դատապարտված կլինի ձախողման»,- ասել է աղբյուրը։ Ինչպես հաղորդել է Axios-ը, ԱՄՆ-ից եւ Իրանից բացի, կոնսորցիումի կազմում կարող են լինել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը եւ Թուրքիան։ Ենթադրվում է, որ այն կգործի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների հսկողության ներքո եւ միջուկային վառելիք կմատակարարի այն երկրներին, որոնք ցանկանում են զարգացնել իրենց քաղաքացիական միջուկային ծրագրերը։

Պորտալի տվյալներով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի մասնակցությամբ, կարող է տեղի ունենալ այս հանգստյան օրերին՝ Մերձավոր Արեւելքի երկրներից մեկում։

Ըստ Axios-ի՝ Վաշինգտոնի Թեհրանին մայիսի 30-ին ներկայացված առաջարկները նախատեսում են Թեհրանի կողմից ուրանի հարստացում մինչեւ 3 տոկոս: Միաժամանակ, ԱՄՆ ծրագրի համաձայն, Իրանը ստիպված կլինի ապամոնտաժել ուրանի հարստացման հիմնական ենթակառուցվածքները, դադարեցնել գազային ցենտրիֆուգների մշակումը եւ պարտավորվել չկառուցել միջուկային նյութի հարստացման նոր օբյեկտներ: Նրան առաջարկվում է ստորգետնյա օբյեկտների աշխատանքը կանգնեցնել այն ժամկետով, որը Թեհրանը եւ Վաշինգտոնը կհամաձայնեցնեն հետագա շփումների ընթացքում։