Իհարկե, մենք ադրբեջանական կողմին տեղեկացնում ենք կրակոցների մասին եւ ասում ենք, որ մեր տեղեկատվությամբ, նաեւ փաստական տվյալներ ենք ներկայացնում, որ կրակոցները հնչում են ադրբեջանական կողմից։ Այս մասին, այսօր՝ հունիսի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Նույնկերպ ադրբեջանական կողմը իրենց հրապարակային անդրադարձերով ասում են՝ չէ, մենք չենք կրակում, դուք եք կրակում։ Մենք էլ ասում ենք՝ դե դուք տվեք փաստական ապացույցներ եւ առաջարկում ենք ձեւավորել հետաքննող մեխանիզմ մասնագետների կողմից, որոնք կկարողանան ահազանգի դեպքում մոտենան կոնկրետ վայր եւ փորձեն հանգամանքներն ուսումնասիրել։ Հիմա խոսակցություն ադրբեջանական կողմի հետ ունենք, որոշակի ըմբռնում էլ կա, անկեղծ ասած։ Բայց այդ մեխանիզմը վերջնականապես ձեւավորած չունենք։
Այս բոլորը, ինչի մասին խոսում ենք, հարցեր են, որտեղ որևէ մեկս, ցավոք սրտի, չի կարող միանշանակ ասել, որ վերջ, պայմանավորված է, փոխըմբռնում կա, հասկանում ենք։ Միևնույն ժամանակ չեմ կարող ասել, որ ընդհանրապես մերժողական կեցվածք է, ոչ մենք ենք ընդունում իրենց փաստարկները, ոչ իրենք են ընդունում մեր փաստարկները, ոչինչ չի արվում այս ուղղությամբ։ Ոչ, աշխատանք կա գետնի վրա»,–ասաց նա։
ԱԳ նախարարը նկատեց, որ բարեբախտաբար կան ԵՄ դիտորդները, որոնք արդեն մի քանի առիթով հանդես եկել են հայտարարությամբ: Մի քանի այլ առիթով, երբ որ արձանագրել ենք միջադեպ, ԵՄ դիտորդների արձագանքը, որքան ես եմ հասցրել հետևել, այն է, որ մենք չենք եղել տեղում: Հիմա իրենց հետ էլ ունենք այս մասին խոսակցությունը։
Ուզում եմ ասել, որ այդ կրակոցները անշուշտ մտահոգիչ են, այդ կրակոցները քննելու պատրաստակամություն կա մեր կողմից, ինչ-որ դրվագով կարող ենք ասել նաև կարծես թե կա ադրբեջանական կողմից։ Այդ ուղղությամբ այս պահին աշխատանքներ արվում են։ Բայց բավարար չափով չեն, որպեսզի ամեն ինչ պարզվի և վաղն էլ չլինեն կրակոցներ»,–ասաց Միրզոյանը։











