Իրանցի միջուկային ոլորտի գիտնական, Թեհրանի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Ահմադի Ռոշանը Թեհրանի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել: Fars գործակալությունը հաղորդում է, որ մոտոցիկլետի վարորդը մագնիսական ռումբն ամրացրել է գիտնականի ավտոմեքենային, որը կայանված է եղել համալսարանի դիմացի հրապարակում:

Պայթյունից եւս երկու մարդ վիրավորվել է: Ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքի հանգամանքները:

Գործակալությունը նշում է, որ այս ահաբեկչական գործողությունը նման է նախկինում իրանցի միջուկային ոլորտի մասնագետ ֆիզիկոսների դեմ հարձակումներին:

Հիշեցնենք, որ 2010-ի հունվարի 12-ին կազմակերպված ահաբեկչության զոհ դարձավ Թեհրանի իմամ Հուսեյնի անվան համալսարանի պրոֆեսոր Մասուդ Ալի Մոհամադին: Գիտնականի մեքենայի մոտ հզոր պայթյուն էր որոտացել, հեռակառավարմամբ գործի էր դրվել պայթուցիկ սարքը, որն ամրացված էր եղել հարեւանությամբ կայանված մոտոցիկլետին:

2010-ի նոյեմբերի 29-ին եւս երկու մահափորձ էր կատարվել ֆիզիկոսների դեմ, որոնք կապ ունեն Իրանի միջուկային ծրագրի հետ: Արդյունքում սպանվել է պրոֆեսոր Մաջիդ Շահրիարին եւ վիրավորվել լազերային ֆիզիկայի ոլորտի մասնագետ Ֆերեյդուն Աբբասի Դավանին, ով ներկայումս գլխավորում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը: