Եվրասիական տնտեսական միության երկրների, մասնավորապես՝ Հայաստանի հետ արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումը կարևոր ռազմավարական առաջնահերթություններից մեկն է։ Այս մասին հունիսի 6-ին Երևանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ հայտարարել է Արխանգելսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկին:
«Մենք այս համագործակցությունը դիտարկում ենք որպես կայուն աճին ուղղված մեր երկարաժամկետ տարածաշրջանային քաղաքականության մաս։
2024 թվականին մեր մարզի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 20%-ով, դրական դինամիկան պահպանվում է նաև այս տարի, ինչը վկայում է փոխադարձ բարձր հետաքրքրության և մեր համագործակցության հետագա ընդլայնման ներուժի մասին։
Մեր տարածաշրջանն ավանդաբար անտառային արտադրանքի խոշոր արտահանող է, Հայաստան մատակարարվող ապրանքների մոտ 40%-ն այս ոլորտի արտադրանք է։ Մենք մտադիր ենք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել այս ուղղությունը», - նշել է նա։
Ցիբուլսկին առաջարկեց 2025 թվականին հայկական ձեռնարկությունների ներկայացուցիչների մի շարք գործարար առաքելություններ կազմակերպել Արխանգելսկի մարզ։
Նրա խոսքով՝ դա թույլ կտա ոչ միայն անմիջական կապեր հաստատել արտադրողների հետ, այլև բացահայտել աճի նոր կետեր։





























