Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին «մեծ սիրով են սպասում» Եվրոպայում, ուրբաթ օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ տեխնոլոգիական ոլորտի միլիարդատիրոջ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև աղմկահարույց հրապարակային վեճից հետո, հայտնում է AFP-ն։
Թրամփի և Մասկի «քաղաքական ամուսնությունը» փլուզվել է հինգշաբթի, երբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «շատ հիասթափված է» իր նախկին օգնականի և գլխավոր հովանավորի կողմից հնչած քննադատությունից, որից հետո նախկին դաշնակիցները սոցիալական ցանցերում միմյանց վրա վիրավորանքներ են տեղացել։
Եվրահանձնաժողովի ամենօրյա ճեպազրույցում մամուլի քարտուղար Պաուլա Պինյոյին հարցրել են, թե արդյոք Մասկը դիմե՞լ է Եվրամիությանը՝ իր ձեռնարկությունները տեղափոխելու կամ նորերը ստեղծելու նպատակով։
«Բարի գալուստ», - ժպիտով պատասխանել է նա։
Եվրահանձնաժողովի տեխնիկական հարցերով ներկայացուցիչ Թոմաս Ռենիեն շարունակել է այս թեման՝ անվրդով տեսքով ընդգծելով, որ «մենք իսկապես ուրախ ենք յուրաքանչյուրի համար, ով կարող է սկսել և ընդլայնել իր գործունեությունը ԵՄ-ում»։
«Հենց սա է Choose Europe-ի նպատակը», - ասել է նա՝ նկատի ունենալով ստարտափների աջակցության և բիզնեսի ընդլայնման ԵՄ նախաձեռնությունը։
Մասկը հաճախ է քննադատել 27 երկրներից բաղկացած ԵՄ-ն՝ նրա թվային օրենքները գրաքննություն անվանելով և վատաբանելով նրա առաջնորդներին, միևնույն ժամանակ աջակցելով Գերմանիայում և այլ երկրներում ուժ հավաքող ծայրահեղ աջերին։
Մագնատի և Թրամփի վեճի պատճառով նախագահը սպառնացել է զրկել նրան 18 միլիարդ դոլար գնահատվող պետական պայմանագրերից, իսկ Մասկը, ի պատասխան, խոստացել է դադարեցնել ամերիկյան կարևորագույն տիեզերական ծրագիրը։
Բացատրելով այս խզումը՝ Թրամփն ասել է, որ Մասկը «խելքը թռցրել է» ԱՄՆ-ում ծախսերի մասին նոր օրինագծում էլեկտրամոբիլների սուբսիդիաները չեղարկելու ծրագրի պատճառով, քանի որ ճգնաժամի հետևանքով Մասկի Tesla ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել։