Մեր Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը վերջերս վերակառուցվեց, Սովետի ժամանակ պանրի պահեստ էր, դրանից հետո անկախության տարիներին այնտեղ քարուքանդ էր, «կառավաթ» չկար, բայց ինչ ասես կար, մենք ամենուր այնտեղից զիբիլ էինք հավաքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե շատ եկեղեցիներ չուլանների են նմանվել։

«Ամեն օր թաղի ժողովրդով հավաքվում, զիբիլ էինք հավաքում, բայց այնտեղ միշտ աղտոտվում էր, շինանյութի մնացորդներ էին բերում։ Ես նախ շնորհակալություն եմ հայտնում այն բարերարներին, որոնք կառուցեցին այդ եկեղեցին։ Այդ եկեղեցին 2018-2019 թվականներին է բացվել, և այնտեղ օծման խնդիր էլ կար, այսինքն Մայր Աթոռից չէին գալիս օծելու։ Ըստ խոսակցությունների, գումար են պահանջում, որպեսզի գան օծեն, բարերարները չէին պատրաստվում այդ գումարը տալ։

Հետո այնտեղից ինչ-որ մարդիկ եկել էին, որ 5–րդ դարի խաչքար տանեին, թաղի բնակչությունը դուրս եկավ փողոց, չթողեց, որ խաչքարը տանեն։ Դրանից հետո, չգիտես ոնց գիշերվա ժամին մեկ էլ հասկացանք, որ այնտեղի խաչքարը չկա։ Հիմա մարդիկ կան, որոնք զբաղվում են, հասկանալու համար՝ որտեղ է խաչքարը»։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում վարչապետի բառապաշարը՝ ուղղված հոգեւորականներին, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Վարչապետի բառապաշարը շատ–շատ մեղմ է։ Մարդիկ այսքան տարիներ ստել են, խաբել են Հայաստանի հավատավոր ժողովրդին, խաղացել են նրանց հույզերի հետ։ Այո, «դոմփել» բառը շատ մեղմ է։ Էդ բառը էդ ինչ մի տրագեդիոն բառ ա։ Քահանաները, հոգևորականները, ինչ բառ ասես օգտագործում են, բայց ես չեմ տեսել լրագրողական հանրությունը գնա ասի՝ լսի, եղբայր...»։

Նարեկ Գրիգորյանն ընդգծեց, որ եկեղեցու հավատավոր հետեւորդների մոտ կա պահանջ, որ եկեղեցին վերջնականապես վերադարձվի Հայաստանի քաղաքացուն, վերադարձվի հավատացյալներին, ոչ թե ինչ-որ մարդիկ իրենց սեփական բիզնեսը սարքեն։