Մոսկվայում ընթացող «Ապագայի համաժողով 2050»-ում ուղղափառ օլիգարխ Կոնստանտին Մալոֆեեւը հայտնել է միգրանտներին ռոբոտներով փոխարինելու անհրաժեշտության մասին. «Գժելով ներկված ռուսական ռոբոտը շատ ավելի լավ է, քան կենդանի սպիտակուցային միգրանտը։ Այն ոչ մեկին չի բռնաբարում, ոչ մեկին չի սպանում, դրա հետ կապված որեւէ խնդիր չկա»։ Մալոֆեեւի խոսքով՝ երկիրը պետք է կենտրոնանա աշխատուժի ռոբոտացման ներդրման վրա՝ միգրանտների զանգվածային հավաքագրումից հրաժարվելու համար, գրել է The Moscow Times-ը։

Ռուսաստանում յուրաքանչյուր 10 հազար աշխատողի համար կա 29 ռոբոտ, մինչդեռ Հարավային Կորեայում՝ 1 100, Սինգապուրում՝ 770, իսկ Չինաստանում՝ 470: Մալոֆեեւի կանխատեսումների համաձայն՝ մինչեւ 2050թ. Երկրի վրա կգործի մոտ մեկ միլիարդ ռոբոտ, իսկ ավտոմատացումը կընդգրկի ամբողջ արդյունաբերության մոտ 90 տոկոսը: Նա կոչ է արել զարգացնել այս ոլորտը, որպեսզի ապագայում տաքսիներում եւ առաքման ծառայություններում աշխատող լինի:

Միեւնույն ժամանակ, Մալոֆեեւը դատապարտել է Արեւմուտքը եւ գովաբանել Իոսիֆ Ստալինին։ Նա նշել է, որ Ստալինի դարաշրջանը «հաջողված առաջընթաց» էր, եւ որ «Եվրոպան մխրճվել է սոդոմի մեջ»։ Նրա ելույթն ուղեկցվում էր ավերված Լոնդոնի եւ ծիածանագույն դրոշներով մարդկանց պատկերներով։ «Մենք ապրում ենք նոր դարաշրջանի սկզբում։ Գլոբալիստական ​​լիբերալիզմի հին աշխարհն ավարտվել է։ 21-րդ դարը 20-րդ դարի նման չի լինի։ Սկզբում ավարտվեց ֆաշիզմը, ապա՝ կոմունիզմը։ Հիմա եկել է հաջորդ «իզմի»՝ լիբերալիզմի ժամանակը»,- նշել է Մալոֆեեւը։

Գործարարը նաեւ հայտնել է, որ «մենք պետք է շատ ավելի շատ երեխաներ ծնենք»։ Ռուսաստանում մարդիկ պետք է պանելներից տեղափոխվեն տներ, եւ մեծ ընտանիքներին պետք է դրանք նվիրել։ Մալոֆեեւը խոսել է աբորտների դեմ, որոնք հանգեցնում են միգրանտների թվի աճի։ Ժողովրդագրական խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է «ներդնել շատ երեխաներ ունենալու մոդան»։

Անցյալ ամիս գործարարը հանդես էր եկել մեկ այլ անսովոր առաջարկով՝ վերացնել 1995-ից հետո ծնված ռուսների համար նախատեսված կենսաթոշակները: Նրա կարծիքով՝ դա կխրախուսի երիտասարդներին որքան հնարավոր է շատ երեխաներ ունենալ, որպեսզի ապագայում կարողանան ապահովել իրենց ծնողներին: Այժմ, ենթադրաբար, 30 տարեկանից փոքր քաղաքացիները հույսը դնում են առաջիկա ծերության կենսաթոշակի վրա եւ չեն ցանկանում ընտանիք կազմել, վստահ է նա: