NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ Մայքլ Քլերի հոդվածից, որը հրապարակվել է «CBS News» կայքում:

Էներգիայի աճող պահանջարկով եւ կրճատվող աղբյուրներով մարդկությունը մտնում է աշխարհաէներգետիկ դարաշրջան, որտեղ համաշխարհային քաղաքականությունում կգերիշխեն վեճերը կենսականորեն կարեւոր էներգետիկ ռեսուրսների համար: Այսուհետեւ էներգետիկան ու հակամարտությունները կլինեն էլ ավելի կապակցված: Վերահսկողությունը էներգիայի եւ փոխադրման ուղիների վրա կլինեն կրկնվող համաշխարհային ճգնաժամերի հիմքում: Ամենաթեժ էներգետիկ կետերից կլինեն Օրմուզի նեղուցը, Հարավ-չինական ծովը եւ Կասպից ծովի ավազանը:

Կասպից ծովը սահմանակից է Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին, Ղազախստանին եւ Թուրքմենստանին: Անմիջական հարեւանությամբ են Հայաստանը, Վրաստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը: Այդ հետխորհրդային պետությունները տարբեր աստիճանով փորձում են հաստատել իրենց ինքնավարությունը Մոսկվայից եւ անկախ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի, Եվրամիության, Իրանի, Թուրքիայի եւ Չինաստանի հետ: Բոլոր այդ երկրները խնդիրներ ունեն կամ ներքին պառակտման, կամ սահմանային վեճերի հետ: Տարածաշրջանը կլիներ պոտենցիալ հակամարտության օջախ, եթե, նույնիսկ, հարուստ չլիներ նավթով եւ բնական գազով:

 «ВР» էներգետիկ հսկայի տվյալներով, այս տարածաշրջանն ունի 48 միլիարդ բարել նավթի (Ադրբեջանում եւ Ղազախստանում) եւ 449 տրիլիոն խորանարդ ֆուտ բնական գազի (ավելի շատ Թուրքմենստանում) պաշարներ: Այդ պաշարներով կասպիական տարածաշրջանը գազով առաջ է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայից, նավթով` Ասիայից: Կասպիական տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքը չի համապատասխանում այդ հսկայական պաշարներին: Ռուսաստանը վաղուց գերիշխում է տարածաշրջանում եւ վերահսկում է հաղորդակցման ուղիները, որոնցով կասպիական նավթն ու գազը կհասնեն շուկա:

Ռուսաստանն արդիականացնում է խորհրդային խողովակաշարերը, որոնք կապում են նախկին խորհրդային երկրները Ռուսաստանի հետ եւ կառուցում է նորերը` մենաշնորհ հաստատելու նպատակով: Վաշինգտոնը փորձեց ձախողել այդ ջանքերը` հովանավորելով Ռուսաստանի տարածքը շրջանցող այլընտրանքային խողովակաշարերի կառուցումը` Բաքու - Թբիլիսի - Ջեյհան: Պեկինն էլ կառուցում է սեփական խողովակաշարերը, որոնք կասպիական տարածաշրջանը կապում են Չինաստանի արեւմուտքի հետ:

Բոլոր այդ խողովակաշարերը հատում են էթնիկ հակամարտությունների տարածքներ եւ անցնում են վիճարկելի տարածքների կողքով: Դրա հետեւանքով, Չինաստանն ու ԱՄՆ-ն շինարարությունը համատեղում էին այդ երկրներին ռազմական օգնություն տրամադրելու հետ: Զգուշանալով ամերիկյան ներկայությունից` Ռուսաստանն արձագանքեց 2008թ. օգոստոսի Վրաստանի հետ ռազմական գործողություններով:

Հաշվի առնելով կասպիական նավթի եւ գազի պաշարների ծավալը` բազմաթիվ էներգետիկ ընկերություններ նախատեսում են նոր արտադրական գործողություններ տարածաշրջանում եւ նոր խողովակաշարերի կառուցում: Եվրամիությունը հույս ունի կառուցել «Nabucco» գազամուղը` Ադրբեջանից Թուրքիայով մինչեւ Ավստրիա: Բոլոր այդ ջանքերում ներառված են խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերը, իսկ դա երաշխավորում է, որ տարածաշրջանը կմնա միջազգային ճգնաժամերի եւ հակամարտությունների պոտենցիալ աղբյուր: