Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կինը` Եկատերինա Խվեդելիձեն հայտարարել է կուսակցություն ստեղծելու եւ 2012-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: Այս մասին հաղորդել են Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք» շարժման փաստաբանները:

Գործարարի կինն արդեն դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան` պահանջելով անհապաղ ի կատար ածել իր քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ նախկինում ընդունված որոշումը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ Խվեդելիձեին եւ Իվանիշվիլիին 2011-ի հոկտեմբերին զրկել էին Վրաստանի քաղաքացիությունից, երբ գործարարը սկսեց զբաղվել քաղաքականությամբ եւ սեփական կուսակցությունը ստեղծել: Ֆորմալ առումով, նրանց քաղաքացիությունից զրկելու համար հիմք է համարվել այն փաստը, որ ամուսինները միաժամանակ նաեւ Ֆրանսիայի քաղաքացի են:

2011-ի դեկտեմբերի վերջին դատարանը մասնակի բավարարել է նրանց քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ հայցը, որոշելով, որ կվերականգնվի միայն կնոջ քաղաքացիությունը: Իսկ ահա Իվանիշվիլին մնացել է ընդհանրապես առանց քաղաքացիության, քանի որ նա հրաժարվել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի քաղաքացիությունից:

Սակայն, փորձագետները կարծում են, որ Խվեդելիձեն կարող է չհասցնի ստանալ Վրաստանի քաղաքացիություն նախքան խորհրդարանական ընտրությունները, քանի որ պատասխանող կողմը կարող է բողոքարկել դատարանի որոշումը վերաքննիչ, ապա նաեւ Վճռաբեկ դատարանում: Միայն վերաքննիչ դատարանում գործը կարող է ձգվել մինչեւ 5, իսկ վերաքննիչ դատարանում` մինչեւ 6 ամիս:

Իվանիշվիլիի փաստաբանները հունվարի 5-ին դիմել են Արդարադատության նախարարության քաղաքացիական ռեեստրի գործակալություն, խնդրելով արագացված կարծով քաղաքացիություն տրամադրել Խվեդելիձեին: Այս գործով որոշումը կկայացվի 44 օրվա ընթացքում: