Սվերդլովի շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի բնակիչների եւ ադրբեջանցիների միջեւ: Ոստիկանությունը ժխտում է կոնֆլիկտի` ազգային հողի վրա ծագած լինելու վարկածը, սակայն ադրբեջանցիները հակառակն են պնդում: Երկու կողմերից էլ տուժածներ կան:
Ինչպես տեղեկացնում է «ura.ru»-ն, դեպքը տեղի է ունեցել Սուգատ բնակավայրում` հունվարի 2-ի գիշերը, սակայն այդ մասին միայն այսօր է հայտնի դարձել: Հակասությունը ծագել է տեղի «Ռուբլյովկա» սրճարանում: Հարբած խմբի եւ սրճարանի տեր Սեյֆուլ Հաբիբովի միջեւ խոսքակռիվը վերաճել է ծեծկռտուքի եւ կրակոցների:
«Նրանք ծեծեցին ինձ ու տղայիս եւ մեր հյուրերին`գոռալով, որ Ռուսաստանը մեր` ադրբեջանցիներիս, տեղը չէ», - պատմում է հաստատության տնօրենը: «Մենք պատուհանից դուրս եկանք եւ փախանք դեպի անտառ` մեր կյանքը փրկելու համար»,- ասել է նա:
Ադրբեջանցի Հաբիբովը հավատացնում է նաեւ, որ երբ իրենք դիմել են հիվանդանոց, իրենց բժշկական օգնություն չեն առաջարկել:
Ոստիկանության պաշտոնական վարկածը փոքր-ինչ տարբերվում է ադրբեջանցու պատմածից: Այսպիսով, օրինակ, ըստ իրավապահ մարմինների` կոնֆլիկտը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կողմերը հաստատությունում սեղանի համար համաձայնության չեն եկել: Հայտնի է նաեւ, որ կռվի ժամանակ տուժել են նաեւ սլավոնները:
Ըստ ոստիկանների` տվյալ գործով մինչ այժմ ոչ ոքի չեն ձերբակալել միայն այն բանի համար, որ իրավապահ մարմիններին դեռեւս չի հաջողվել պարզել գործի բոլոր հանգամանքները եւ շփվել կոնֆլիկտի բոլոր մասնակիցների հետ:
Ոստիկանության վարկածով` ադրբեջանցիները դիտավորյալ ձգտում են հակասությանը ազգային երանգ հաղորդել` հանրությա մեջ տարաձայնություններ առաջ բերելու եւ «քննության վրա ճնշում գործադրելու համար», հաղորդում է «Ռոսբալտը»:



























