Գրացի դպրոցում կրակոցներ իրականացրած 21-ամյա երիտասարդի բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկանությունը հետմահու գրություն է հայտնաբերել, նշել է Euronews-ը։ Սակայն, ինչպես տեղեկացրել են իրավապահ մարմինները, դրանում ոչինչ չի ասվում հարձակման դրդապատճառների մասին։ Կրակոցի հետեւանքով զոհվել է 10 մարդ։ Հարձակվողը կրակել է ինքն իրեն։

Ավստրիայում մի քանի հարյուր մարդ հավաքվել էր Գրացի կենտրոնում՝ հիշատակի արարողությանը մասնակցելու համար, այն բանից հետո, երբ երեքշաբթի նախկին աշակերտը կրակ էր բացել քաղաքի ավագ դպրոցում՝ սպանելով 10 մարդու եւ վիրավորելով տասնյակից ավելի մարդկանց, նախքան ինքնասպան լինելը։

21-ամյա երիտասարդի, որը նախկինում դատվածություն չի ունեցել, դրդապատճառները դեռեւս անհայտ են։ Ոստիկանության տվյալներով՝ նա հարձակումն իրականացնելու համար օգտագործել է ատրճանակ եւ որսորդական հրացան, որոնք օրինականորեն իրեն էին պատկանում։ Գրացի տաճարում պատարագին մասնակցել են Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկերը, ինչպես նաեւ փոխկանցլեր Անդրեաս Բաբլերը եւ արտաքին գործերի նախարար Բեաթե Մայնլ-Ռեյզինգերը։

«Ես, ինչպես եւ բոլորը, շատ ցնցված էի դրանից»,- ասել Գրացի բնակիչ Էլիզաբեթ Շուստերը: Նա պատարագին եկել էր իր համերաշխությունը հայտնելու հարձակման ժամանակ զոհվածների եւ վիրավորների հարազատներին:

«Ես նրանց հետ եմ եւ ես հույս ունեմ, որ միասին մենք կկարողանանք գտնել միջոց՝ ապահովելու, որ նման բան երբեք չկրկնվի»,- ասել է կինը:

Գրացի պատմական կենտրոնից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դրեյշյուցենգազե մարզադահլիճի շենքում կրակոցների մասին հաղորդագրությունները ստացվել են տեղական ժամանակով ժամը 10:00-ին: Առաջին արձագանքման խմբի կազմում ուղարկվել են հատուկ նշանակության ուժեր:

Դպրոցից աշակերտներին տարհանելուն օգնելու համար դեպքի վայր է ուղարկվել ավելի քան 300 ոստիկան։ Դեպքի վայրի կադրերում երեւում է, թե ինչպես են աշակերտները դուրս գալիս շենքից՝ շրջապատված զինված ոստիկաններով։

Ներքին գործերի նախարար Գերհարդ Քարները հայտնել է, որ կրակողը ավագ դպրոցի աշակերտ էր, որը չէր ավարտել ուսումը։

Գրացի բնակիչները հավաքվել էին քաղաքի գլխավոր հրապարակում՝ հարգանքի տուրք մատուցելու հարձակման զոհերին։

Գիմնազիայի 10 աշակերտների վրա կրակած, ապա դպրոցի զուգարանում ինքնասպան եղած 21-ամյա երիտասարդի դրդապատճառները պարզվում են։ Ավստրիական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ նա, հնարավոր է, դպրոցական տարիներին հոգեբանական բռնության է ենթարկվել այլ աշակերտների կողմից, սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը դեռեւս չկա։

Արթուր Ա.-ի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարք։

Երիտասարդի հարեւաններից մեկը oe24.at լրատվական պորտալին ասել է, որ նա «լիակատար ինտրովերտ էր, կրում էր մեծ ականջակալներ եւ ուսապարկ եւ երբեք բարեւ չէր տալիս»։

Ավստրիայում հայտարարվել է եռօրյա սուգ։