Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4-րդ զոհին են դուրս բերել փլատակներից: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ փոխնախարար, փրկարար ծառայության ղեկավար, Կամո Ցուցյուլյանը։
«Քննչական կոմիտեի մեր գործընկերները քննչական գործողություն են իրականացնում, որից հետո փրկարարների կողմից դիակը կհանվի, տեղափոխվի: Չորրորդ զոհը տղամարդ է, որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ մինչև որոնվող բոլոր անձինք հայտնաբերվեն։
Այս պահին 282 փրկարար ծառայողներ են ներգրավված, որպեսզի հերթափոխով աշխատեն և փրկարարաորոնողական աշխատանքներ իրականացնեն։ Այդ 282–ի մեջ ներառված են նաեւ կինոլոգներ, հոգեբաններ, որոնք աշխատում են տուժած ընտանիքների հետ»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:
Պայթյունի հետևանքով 3 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:
Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 11 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նշենք, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:











