Այս պահին չորս զոհ ունենք, ևս մեկ որոնվող, ես նախ ցավակցում եմ զոհվածների ընտանիքների անդամներին։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի ու փլուզման վայրում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«12 վիրավոր ունենք, որոնցից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։ Նյութական վնասը առաջիկայում կգույքագրվի, հիմա Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գործընկերները զբաղվում են ընդհանուր իրավիճակը գնահատելով, որից հետո կառավարությունը անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի մեղմելու հետևանքները։

Մենք ցավոք սրտի այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել, ինչին կառավարությունը պատշաճ կերպով արձագանքում է»,–ասաց նա։

Խուդաթյանի խոսքով, իր ունեցած տեղեկատվությամբ, դեպքը գազի արտահոսքից է եղել, շատ մեծ հավանականությամբ՝ երրորդ հարկի բնակարանում. «Մնացածի մասով պիտի քննություն իրականացվի, որպեսզի պատշաճ գնահատական տրվի»։

Հարցին՝ այսօր տներից զրկված մարդիկ որտե՞ղ են գիշերելու, նախարարը պատասխանեց. «Մարզպետի աշխատակազմը գույքագրել է այս տարածքում առկա բոլոր հյուրանոցների համարները և հյուրատները։ Այն բոլոր բնակիչները, որոնք կարիք կունենան հյուրատներում կամ հյուրանոցներում մնալու, իրենք անպայման կապահովեն և կեցության համար անհրաժեշտ պայմաններով, և ըստ անհրաժեշտության իրենց առաջիկա օրերի կենցաղը ապահովելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։  Նրանք հյուրանոցներում և հյուրատներում կմնան այնքան, ինչքան դրա անհրաժեշտությունը լինի մինչև հարցին գլոբալ լուծում տրվի։

Նախ պիտի շենքը գնահատվի՝ արդյոք այն ենթակա է հետագա վերականգնման, թե ոչ։ Կառավարությունը անպայման Սեյսմիկ ծառայությանը կդիմի անհրաժեշտ եզրակացություն ստանալու համար, որից հետո կնախանշենք մեր անելիքները ավելի երկարաժամկետում։ Այս պահին ուզում եմ վստահեցնել, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որպեսզի աղետի հետևանքով տուժածները առանց կեցավայրի չմնան, առանց անհրաժեշտ պարագաների չմնան»։