Ես դեպքի վայրից 100 մետր վերեւ եմ ապրում, ուժեղ պայթյուն լսվեց, անգամ պատերազմի ժամանակ տանկը այդպես չէր կրակում, ավելի ուժեղ ձայն էր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ճամբարակի բնակիչներից Աշոտ Սարգսյանը՝ անդրադառնալով բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունին ու փլուզմանը։

«Փոշին բարձրացավ, իջավ, տեսա պադյեզդը չկա։ Մահացածներին ճանաչում եմ, մեկտը Ռիտան է, երկու օրա առջ ծնունդն էր, ֆեյսբուքով էի նայել։ 70 տարեկանն անց էր։ Տղայի հետ էր պրում, տղային էլ դեռ չեն հանել փլատակներից։ Մյուս մահացածներին չեմ ճանաչում»,–ասաց նա։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ շատ հեռվից է լսել պայթյունի ձայնը, բայց ձայնը շատ ուժեղ էր, տանկից ու գրադից էլ ուժեղ էր»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հունիսի 11-ին՝ ժամը 08։34-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:

Պայթյունի հետևանքով 3 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:

Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 11 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նշենք, որ Ճամբարակի պայթյունի դեպքով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ: