Անցած մրցաշրջանում Կապանի «Գանձասարն» իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր: Այդ հաջողությունից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատրաստվում էր հեռանալ ակումբից: Սակայն այժմ հստակ է, որ Խաշմանյանը Կապանում կաշխատի առնվազն եւս մեկ տարի:
«Գանձասարը» մրցաշրջանի մեկնարկից առաջ կազմի հետ կապված զգալի դժվարություններ ունի: Հիմնական կազմի բազմաթիվ ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետը լրացել է:
«Ոմանք չցանկացան մնալ թիմում, ոմանց հետ էլ ակումբը չցանկացավ շարունակել համագործակցությունը: Կենտրոնական պաշտպան Նորայր Գրիգորյանը պայմանագրի լրանալուց հետո այժմ մարզվում է «Ուլիսի» կազմում: Օտարեկրացի դարպասապահների վերաբերյալ ՀՖՖ-ի արգելքից հետո «Գանձասարը» լուրջ խնդրի առաջ է կանգնել, քանի որ թիմում այլեւս չի կարողանա հանդես գալ Լեւան Բուբուտեիշվիլին: Ստացվում է, որ մենք ստիպված ենք զրոյից թիմ կառուցել: Սակայն վստահ եմ, որ գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանն, ինչպես նախորդ մրցաշրջանում, այս անգամ էլ կկարողանա ամեն ինչ արագ կազմակերպել եւ մինչեւ մրցաշրջանի մեկնարկը մենք նորմալ վիճակում կներկայանանք երկրպագուներին: Պետք չէ մոռանալ, որ «Գանձասարը» պետք է հանդես գա Եվրոպայի լիգայում: Այնպես որ, անհրաժեշտ է համառ եւ քրտնաջան աշխատել»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Աբրահամ Խաշմանյանը:
Նշենք, որ թիմն, ամենայն հավանականությամբ, կանցկացնի երեք հավաք: Առաջինը տեղի կունենա հունվարի 14-24-ին Ծաղկաձորում:
Պատրաստեց Խաչիկ Չախոյանը




























