Ճապոնիան հայտարարել է իրանական նավթի ներկրումը կրճատելու իր պատրաստակամության մասին` օժանդակելով ԱՄՆ-ի` Թեհրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներին:
Ճապոնիայի ֆինանսների նախարար Դզյուն Ազումին ամերիկյան գործընկեր Թիմոթի Գեյտների հետ հանդիպելուց հետո հունվարի 12-ին նշել է, որ Իրանին բաժին է ընկնում Ճապոնիա ներկրվող նավթի 10 տոկոսը: Խոսքը վերաբերվում է Իրանական նավթի ներկրման «զգալի կրճատմանը», հայտարարել է նա` չնշելով ստույգ թվեր:
Yomiuri թերթի տեղեկություններով, ճապոնական կառավարությունը նախօրոք քննարկել է այդ հարցը նավթամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների հետ, որպեսզի տեղական բանկերը չհայտնվեն ԱՄՆ-ի կողմից մտցված պատժամիջոցների ազդեցության ներքո:
Մինչդեռ Չինաստանը, որտեղ Թիմոթի Գեյտներն այցելել էր նախքան Ճապոնիա ժամանելը, հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել Իրանի նավթի ներկրումից` չնայած նոր պատժամիջոցներին, գրում է Lenta.ru-ն:



























