ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կտրականապես հերքել է ԱՄՆ-ի` իրանցի միջուկային գիտնականի Թեհրանում զոհվելու գործում որեւէ առնչություն ունենալը:
«Ես ուզում եմ կտրականապես հերքել Իրանի ներսում կատարվող բռնության գործողություններում ԱՄՆ-ի մասնակցությունը», - Քաթարի վարչապետի հետ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Քլինթոնը: Նա նաեւ մտահոգություն է հայտնել Իրանի «սադրիչ հռետորաբանության կապակցությամբ»:
Ավելի վաղ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հերքում է իրանցի գիտնականի մահվան հետ ունեցած կապը: Իսկ ԱՄՆ Ազգային խորհրդի ներկայացուցիչ Թոմի Վիեթորը հավելել էր, որ ԱՄՆ-ն վստահաբար դատապարտում է բռնության ցանկացած դրսեւորում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը, Թեհրանի համալսարանի դասախոս Մուսթաֆա Ահմադի Ռոշանը մահացել է հունվարի 11-ի առավոտյան` ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով, մեքենայի եւս երկու ուղեւորներ վնասվածքներ են ստացել: Մագնիսական ռումբը ավտոմեքենային ամրացրել է անհայտ մոտոցիկլիստը: 32-ամյա Ահմադի Ռոշանը Նաթանզ քաղաքի ատոմային կայանում տնօրենի առեւտրային հարցերով տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:
Իրանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրել էին իսրայելական հատուկ ծառայություններին:
Այս կապակցությամբ Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ Կազմակերպության գլխավոր քարտուղարին կոչ էր արել դատապարտել այդ ահաբեկչական արարքը եւ ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով ու ձեւերով արմատախիլ անելու միջոցներ ձեռնարկել: Միաժամանակ, Իսլամական Հանրապետությունից ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Մոհամադ Հազային նամակում նշել էր, որ նման գործողությունները չեն կարող Իրանին խանգարել միջուկային ծրագիր ունենալու իրավունքն իրագործելիս, գրում է dni.ru-ն:
Նախօրեին ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ խորհրդակցության ընթացքում, որը նվիրված էր Իրանի Կում քաղաքում ուրանի հարստացման աշխատանքների սկսման մասին ստացված տեղեկություններին, մասնակիցները կոչ էին արել անհապաղ դադարեցնել նման հետազոտությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ` միջազգային միջնորդների «վեցյակի» հետ:
Ներկա պահին ԱՄՆ-ն Իսլամական Հանրապետության տարածք երրորդ ավիակիրն է ուղարկել: Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնացումը կատարվում է Վաշինգտոնի`Իրանի նկատմամբ ուժ գործադրելու հավանականության հռետորաբանության պայմաններում:



























