Թուրքիա եւ Իրանը մահմեդական, եղբայրական ու բարեկամ երկրներ են, ուստի անհրաժեշտ է տարածաշրջանային բոլոր խնդրիների լուծման հարցում նրանց գործողությունների համակարգումը: Այս մասին Թուրքիա կատարելիք իր այցից առաջ, «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լարիջանին հիշեցրել է, որ այդ խնդրի լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը. «Որքան ես գիտեմ, Ադրբեջանը ցանկանում է խնդրի լուծումը այդ ձեւաչափի շրջանակներում»:

Միաժամանակ, նա նշել է, որ տարածաշրջանի ներսում առկա խնդիրներ, ավելի լավ է լուծեն տարածաշրջանի երկրները: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիմա դարձել է միջազգային խնդիր, բայց Իրանը նույնպես նախկինում ներդրել է եւ հիմա էլ պատրաստ է ներդնել իր լուման այդ խնդրի կարգավորման գործում: Շատ կարեւոր է, որ այդ խնդրի լուծումը ոչ մեկի շահերը չոտնահարի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է այդ խնդրի լուծման հարցում Անկարայի ու Թեհրանի ջանքերին, Լարիջանին նշել է, որ այդ հարցում երկու երկրների դիրքորոշումներն իրար մոտ են, բայց միայն մինչեւ որոշակի կետ: