Իրանի գործողությունները կարելի դիտարկել որպես պատժամիջոցների պատասխան: Նման կարծիք է հայտնել արեւելագետ Մհեր Բաղդասարյանը` հունվարի 12-ի մամլո ասուլիսի ժամանակ:
Ըստ նրա` Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն արդեն պատերազմ է, եւ Իրանի գործողություններն ամենայն վստահությամբ որպես պատասխան քայլ կարելի որակել: Փորձագետը հիշեցնում է, որ միջազգային հանրությունն Իրանում միջուկային զենքի առկայության ապացույց չունի: Ընդհակառակը, Իրանը խաղաղ միջուկային ծրագրի մասին է հայտարարել: Մհեր Բաղդասարյանը նշեց, որ զինված բախումը տարածաշրջանի համար աղետալի հետեւանքներ կունենա: Դա էլ բոլորովին շահավետ չէ ոչ ԱՄՆ-ի, որ Եվրոպայի, ոչ Ռուսաստանի եւ ոչ էլ Չինաստանի համար: Ավելին, դա կարող է դառնալ Երրորդ համաշխարհայինի սկիզբ: «Ոչինչ բացառել չի կարելի, քանի որ տարածաշրջանը շատ անկանխատեսելի է:
Բայց կարծում եմ, որ զինված բախման համար ուժերը բավարար չեն», - կարծում է փորձագետը: Նա հիշեցրեց, որ Իրանի դեպքում շատ գերտերությունների շահեր են բախվում, եւ կոնֆլիկտը կնշանակի ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների ծրագրի վերսկսման ավարտ: Ընդ որում, պատերազմի հիմնական պատճառ հանդիսանալու էր Իրանում ենթադրյալ միջուկային զենքի առկայությունը, քանի որ հստակ տեղեկություններ չկան, նշում է փորձագետը: Դրա հետ մեկտեղ նա հիշեցրեց, որ վերջին տարիներին Իրանը ակտիվորեն զարգացնում է ռազմարդյունաբերությունը, հատկապես` հրթիռների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նշել է այն եզրագիծը, որից հետո Վաշինգտոնը պատրաստ կլինի լուրջ ուժային գործողությունների կիրառել Թեհրանի նկատմամբ: «Մենք արդեն հստակ նախանշել ենք, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի Օրմուզի նեղուցի շրջափակումը: Դա այն սահմանն է, որը չի կարելի հատել», - հայտարարել է Պանետան: Իր հերթին ԱՄՆ Զինված ուժերի ստորաբաժանումների ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին հայտարարել է, որ «եթե իրանցիները դիմեն նեղուցն արգելափակելու քայլին, ամերիկյան զորքերը պատրաստ կլինեն ոչնչացնել նրանց»:



























