Իրանի շուրջ աճող լարվածությունը եւ Թեհրանի նկատմամբ Եվրամիության կողմից պատժամիջոցների հնարավոր սահմանումն այդ երկրի համար լուրջ տնտեսական խնդիրներ կարող են առաջացնել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սեւակ Սարուխանյանը` ավելացնելով, որ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին հայտարարությունների համապատկերում իրանական ռիալն արդեն արժեզրկման միտում է դրսեւորում:
«Սկսված գործընթացը կարող է կտրուկ վատթարացել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը: Դա դժոհներին փողոց դուրս կբերի, կսկսվեն հուզումներ»,-նշեց զրուցակիցը: Միաժամանակ` Սարուխանյանը բացառեց «արաբական գարնան» կրկնությունը Իրանում:
«Իրանը բավականաչափ հզորություն ունի` նման տրամադրվածությունները ճնշելու համար, թեկուզ նույնիսկ արյան գնով: Իրանում «արաբական գարուն» չի լինի: Խնդիրն այն է, որ Իրանում բացասական գործընթացները հրահրվում են ԱՄՆ-ից: Դրանով Վաշինգտոնը նախ Թեհրանին ստիպում է կենտրոնանալ սեփական խնդիրների վրա` ավելի քիչ ուշադրություն դարձնելով Սիրիային եւ Իրաքին: Եւ երկրոդ` բոլորը վաղուց հասկացել են, որ իրանական ընդդիմությունն ի զորու չէ ինչ-որ բանի հասնել քաղաքական պայքարի միջոցով: Լուծումը` նրան փողոց դուրս բերելն է, ինչով էլ զբաղվում է Արեւմուտքը»,-նկատեց փորձագետը:



























