Հունական To Vima օրաթերթում ծավալուն հոդված է հրապարակվել Հայաստանի կառավարության նախաձեռնած խաղաղության օրակարգի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակ Տիգրան Ղալումյանը նշում է՝ երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է շրջել թշնամանքի էջը և հասնել Ադրբեջանի հետ պատմական խաղաղության համաձայնագրի, միջազգային հանրությունը դրան արձագանքեց քաղաքավարի հետաքրքրությամբ, բայց փոքր գործողություններով։ 

Սակայն, հոդվածի հեղինակի խոսքով, սեղանին դրված է շատ ավելին, քան հետխորհրդային երկու երկրների միջև երկկողմ պայմանագիրն է։

«Հայաստանի խաղաղ նախաձեռնությունը լակմուսի թուղթ է Հարավային Կովկասի ապագա դիվանագիտության, ժողովրդավարության և կայունության համար. տարածաշրջան, որը հաճախ անտեսվում է, բայց կարող է որոշիչ նշանակություն ունենալ Եվրոպայի ռազմավարական հետաքրքրությունների համար»,- նշում է հոդվածի հեղինակը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն այդ առաջարկով համարձակ խաղադրույք է կատարել. դիվանագիտությունը կարող է հաջողության հասնել այնտեղ, որտեղ պատերազմը ձախողվել է, և պատմական դժգոհությունները ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թողած խորը վերքերը, կարող են իրենց տեղը զիջել համակեցության ապագային։ «Սա միամիտ տեսլական չէ, սա ռազմավարական անհրաժեշտություն է»,- ընդգծում  է հոդվածի հեղինակը։

Նա հիշեցնում  է, որ երեք տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են հակամարտության մեջ, որի կենտրոնում է էթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։