Այսօր` հունվարի 12-ին, ոստիկանության Ալավերդիի բաժին մեղայականով է ներկայացել Վասիլ Շահվերդյանը եւ հայտնել, որ իր մոտ եղած հրազենով սպանել է Գագիկ Կիլինկարովին: Այս մասին դեպքի վայրից հայտնեց NEWS.am-ի Լոռիի թղթակիցը: Մեղայականով ներկայացած քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ սպանությունը կատարել է վրեժխնդրության հողի վրա, քանի որ տարիներ առաջ էլ Կիլինկարովները սպանել են իր եղբորը:

Այս պահին դեպքի վայրում են գտնվում Լոռիի մարզի ոստիկանության պետ Անուբախ Համբարյան, Լոռիի մարզային քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, Լոռիի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին, ժամը 14:15-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում Վասիլ Գագիկի Շահվերդյանը հրազենով սպանել է ազգությամբ հույն Գագիկ Կիլինկարովին:

Նշենք նաեւ, որ Վասիլ Շահվերդյանը կրակել է նաեւ Արմեն Կոստանդյանի վրա, ով սակայն կենդանի է մնացել: Նա տեղափոխվել է Ալավերդիի բժշկական կենտրոն: Բժիշկների խոսքով, Ա. Կոստանդյանի կյանքին վտանգ չի սպառնում: