Ես կարծում եմ, որ վարչապետի այցերի և դրանց օրակարգի վերաբերյալ մեկնաբանությունները ճիշտ կլինի, որ վարչապետի աշխատակազմը տա և ես այս պահին որևէ լրացուցիչ տեղեկատվություն այդ մասով չունեմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ օրակարգ է հաստատված Փաշինյան–Էրդողան հնարավոր հանդիպման ժամանակ։
Հարցին՝ արդյոք կան մտահոգություններ, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրան–Իսրայել հակամարտությունից եւ իր պատկերացրած ճանապարհով լուծել միջանցքի հարցը, Խանդանյանը պատասխանեց. «Բնականաբար ցանկացած լարում տարածաշրջանում, հատկապես այսքան մոտ տարածաշրջանում, առաջացնում են մտահոգություններ, որ կարող է ընդհանուր առմամբ անվտանգային իրավիճակը լարվել տարածաշրջանում։ Բայց ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմանը, ես պիտի շարունակեմ այնտեղ, որ Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ և լեգիտիմություն Հայաստանի վրա որևէ կերպ ագրեսիա սկսելու համար։ Անվտանգային միջավայրը բոլորովին տարբեր է 2022-ին և 2025 թվականին, և բացի այդ, հիշեցնեմ, որ Հայաստանը և Ադրբեջանը ունեն պատրաստի խաղաղության պայմանագրի տեքստ, որը Հայաստանը պատրաստ է ստորագրել այսօր։ Ադրբեջանի դիրքորոշման մասին գիտեք, և Հայաստանը աշխատում է և շարունակում են բանակցությունները և քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցնելու համար»։
Հիշեցմանը, որ օրեր առաջ այս լարվածության ֆոնին Ադրբեջանի նախագահի օգնականը կրկին հիշեցնում էր Հայաստանին, ասելով՝ մենք շարունակում ենք հստակ ակնկալիքներ ունենալ Զանգեզուրի միջանցքի մասով, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Դուք գիտեք որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը ունի իր հստակ պատկերացումը։ Մեծ հաշվով դա խաղաղության խաչմերուկ նախագիծն է, և նաև Հայաստանը հստակ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին՝ այսինքն Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանի կենտրոնական շրջաններից Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի անցման իր պատկերացումը։ Այդ առաջարկի դետալները, վարչապետ Փաշինյանը ներկայացրել է նաև վերջերս «Երևանյան երկխոսության» իր ելույթի ընթացքում։ Այս առաջարկի հետ կապված Ադրբեջանը մինչև օրս պաշտոնական արձագանք չի տվել։ Ես կարծում եմ, որ սա չափազանց լավ առաջարկ է, և այս առաջարկը կլուծի ճանապարհների և կոմունիկացիաների բացման խնդիրը, և դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ընդհանրապես տարածաշրջանը»։











