Տրանսպորտային ոլորտի աշխատակիցների արհմիությունը լուսանկարների մրցույթ է հայտարարել, որի գլխավոր հերոս պետք է դառնա առնետը: Նյույորքյան մետրոյի ուղեւորներին առաջարկվում է նկարահանել կրծողներին եւ լուսանկարները տեղադրել հատուկ կայքում:
Հաղթող կճանաչվի ամենասարսափելի առնետը: Իսկ այդ ամենը հնարել են, որպեսզի ուղեւորների եւ իշխանությունների ուշադրությունը սեւեռեն մետրոյում կրծողների տարածման խնդրի վրա: Արհմիության ներկայացուցիչները կարծում են, որ պաշտոնյաները հարկ եղածի չափով չեն պայքարում մետրոյում առնետների տարածման դեմ, հայտնում է Agence France-Presse-ը:
Մրցույթը մեկնարկել է մի քանի օր առաջ, ներկա պահին ratfreesubways.com կայքում նյույորքյան առնետների մի քանի նկարներ կան տեղադրված: Յուրաքանչյուր ցանկացող կարող է առնետի լուսանկար փակցնել մետրոյում, ինչպես նաեւ քվեարկել առնետի ամենասարսափելի լուսանկարի օգտին:
Լուսանկարների մրցույթի արդյունքները կամփոփվեն հունվարի 15-ին: Հաղթողը որպես մրցանակ մետրոյի անվճար երթեւեկության մեկամսյա անցագիր կստանա:




























