Կրասնոյարսկում ադրբեջանցու կողմից ռուս աղջկա սպանությունը ազգամիջյան հուզումներ է առաջացրել: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` Կրասնոյարսկի երկրամասի Ուժուրի շրջանի Փոքր Իմիշ գյուղում համադասարանցի Սաբիր Մամեդովի կողմից 16-ամյա Ալյոնա Գոնչարովայի սպանությունը լայն արձագանք է ստացել այն բանից հետո, երբ գյուղի բնակիչները ժողովրդական հավաք են կազմակերպել, որի ընթացքում գլխավոր պահանջը եղել է գյուղում բնակություն հաստատած ադրբեջանական ընտանիքների արտաքսումը:

Հետաքննության վարկածով` 2011թ. դեկտեմբերի 29-ին, դիսկոտեկից հետո աղջիկը ուղեւորվել է տուն եւ, հասնելով իրենց տան ցանկապատին, նկատել է հարեւանությամբ բնակվող համադասարանցուն: Նա ասել է, որ աղջկա համար նվեր է պատրաստել ու խաբեությամբ տարել տուն: Խեղդամահ անելով զոհին` Սաբիր Մամեդովը նրա մարմինը թաքցրել է ամառային խոհանոցում:  Հունվարի 4-ին աղջկա մարմինը հայտնաբերվել է կիսալքված մասնավոր տան բակային կիսակառույց շինություններում: Մեղադրյալի խոսքով` կատարված հանցագործության հիմնական դրդապատճառը  սպանվածի հանդեպ տածած անպատասխան սերն է եղել: Ներկա պահին քրեական գործի հետաքննությունը շարունակվում է:

Ադրբեջանական սփյուռքի գյուղում բնակվող անդամները սպանվածի մտերիմներին եւ հարազատներին ցավակցություն են հայտնել` նշելով, որ դատապարտում են Սամիր Մամեդովին այդ հանցագործության համար, եւ որ նա պետք է կրի իրեն արժանի պատիժը: